Հինգշաբթի, 5 Մարտի 2020 17:03
Ալեքսանդր Ավանեսով

Քննարկվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանի պետական գնումների էլեկտրոնային համակարգի նորացման հնարավորության հարցը

Քննարկվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանի պետական գնումների էլեկտրոնային համակարգի նորացման հնարավորության հարցը

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, նախատեսվում է, որ համակարգը պատրաստ կլինի 2021 թվականին:

Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման գաղափարը բխում է Հայաստանի կառավարության գործունեության և ՀՀ պետական ֆինանսների կառավարման 2019-2023 թթ. համակարգի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրերից:

Գործընթացի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ համակարգի ներդրումն իրականացնել բանկի աջակցությամբ: Այս կապակցությամբ բանկի խորհրդատուների մասնակցությամբ նախարարությունում կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում խորհրդատուները ներկայացրել են բանկի կողմից առաջարկվող համակարգի բիզնես մոդելը, ինչպես նաև ֆունկցիոնալ և տեխնիկական կառուցակարգերին վերաբերող պայմանները:

Հանդիպման արդյունքում խորհրդատուների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջարկվող համակարգի բիզնես մոդելի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու մասին:

 

Նոր համակարգը հնարավորություն կտա ընդլայնել օգտագործող պատվիրատուների շրջանակը, կլինի բաց կառավարման տվյալների մոդելով հավաքագրվող տեղեկատվություն: Հնարավորություն կընձեռվի ավտոմատացված եղանակով իրականացնել վերլուծություններ և մոնիտորինգ:

 

Իրականացվող փոփոխության նպատակն է ունենալ տարածաշրջանում առավել արդիական ու Հայաստանի կարիքներին բավարարող էլեկտրոնային գնումների համակարգ: