
Արմինֆո.Հայաստանում նախատեսում են ներդնել անշարժ գույքի արդյունավետ գնահատման եւ հարկման համակարգ: Այդ մասին հայտնի է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները:
Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, դրույքաչափերի փոփոխությունների հնարավոր ազդեցություններին:
Նշվել է, որ առաջարկությունների նպատակն է բարձրացնել հարկման հասցեականությունը: Պատասխանատուներն ընդգծել են՝ փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակել համապատասխան հայեցակարգ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում հնչեցված դիտարկումներն ու կարծիքները: