Արմինֆո.ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն ընդլայնել է գերմանական զարգացման բանկի՝ KfW հետ համատեղ իրականացվող "Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար" ծրագրի երկրորդ փուլի շահառուների շրջանակը: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կորպորատիվ վարկավորման դեպարտամենտի ավագ վերլուծաբան Աննա Աթովմյանը։
Եթե I փուլի ընթացքում "կանաչ" վարկերի համար կարող էին դիմել բացառապես առևտրային ոլորտը, հյուրանոցային բիզնեսը և ծառայությունների ոլորտը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտները, ապա KfW-ի որոշմամբ ծրագրի շահառուներն այսուհետ կարող են դառնալ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք և տնտեսվարող սուբյեկտները: Բացի այդ, ավագ վերլուծաբանի խոսքով, ծրագիրն ընդլայնել է նաև նպատակային շրջանակները։ Այսպիսով, "կանաչ" վարկը կարող է տրամադրվել ոչ միայն հիմնական միջոցների ձեռք բերման և կապիտալ ներդրումների ֆինանսավորման, այլ նաև շրջանառու (էներգաարդյունավետ) միջոցների համալրման, էներգածառայությունների դիմաց վճարման, գյուղտեխնիկայի գնման, ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների համար:
Այդ որոշումը կայացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից KfW ներկայացված հարցման, շուկայի պահանջարկի, վարկավորման համար առավել նախընտրելի ոլորտների, "կանաչ" վարկավորում պահանջող ներդրումների վերաբերյալ տեղեկատվության եւ այլնի հիման վրա:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին՝ Աննա Աթովմյանը նշել է, որ "կանաչ" վարկի ծրագրի շրջանակներում տրամադրվում է 1 մլն-ից մինչեւ 500 մլն դրամի չափով' մինչեւ 5 տարի մարման ժամկետով, 10% փաստացի տոկոսադրույքով դրամային փոխառության դեպքում: Բացի այդ, վարկի գրավային ապահովում են ծառայում անշարժ գույքը, ավտոմեքենան կամ սարքավորումները: Այն դեպքում, եթե վարկառուի նախագիծն իր մեջ էական տնտեսական արդյունք է պարունակում երկրի համար, բանկը պատրաստ է հավանություն տալ 1 մլրդ դրամի չափով վարկ ստանալու հայտին: Ընդ որում, նա ընդգծել է, որ "կանաչ" վարկերը բացառում են վարկային փաթեթի պատրաստման վճարը եւ սպասարկման դիմաց միանվագ վճարը:
Նշենք, որ ծրագրի առաջին փուլի ընթացքում, որը տևել է 2016-2018թթ., շահառու են դարձել 12 ձեռնարկություններ, իսկ ընդհանուր վարկային պորտֆելը գերազանցել է 762 մլն դրամը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը եւ KfW-ն Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին պայմանագիրը ստորագրել են 2019 թվականի վերջին:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տվյալներով, վարկային ներդրումները եւ այլ փոխառությունները մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը հասել են 135.9 մլրդ դրամի: Բանկի ակտիվներն այդ ամսաթվի դրությամբ կազմել են 222.6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները՝ 185.2 մլրդ դրամ: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ընդհանուր կապիտալը մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը կազմել է 37.4 մլրդ դրամ: 2019 թվականը Բանկն ավարտել է 2.4 մլրդ դրամ զուտ շահույթով՝ այդ ցուցանիշի 4,7 անգամ տարեկան աճով:
Հիշեցնենք, որ "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ-ն գործում է 2005 թվականի նոյեմբերից: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծամասնական բաժնետերերը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ հանդիսանում են "Ֆլեշ" ընկերությունը' 72,73% բաժնեմասով, Բարսեղ Բեգլարյանը (հայտնի գործարար, "ֆլեշի" ղեկավար)' 22,62%, Rural Impulse Fund II - ը (ներառված է բելգիական Incofin Investment Management - Incofin IM - ի կառուցվածքում)' 4,29%: