Երեքշաբթի, 10 Մարտի 2020 18:41
Ալեքսանդր Ավանեսով

ՀԲ կողմից հաստատվել են կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության ֆինանսական գործիքներ, որոնք կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար

ՀԲ կողմից հաստատվել են կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության ֆինանսական գործիքներ, որոնք կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին:

 

Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

 

Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացներին առնչվող հարցեր:

 

Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար և գոհունակությամբ խոսել բարեփոխումների ընթացքի մասին:

 

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը և հայտնել է, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատվել են աջակցության տարբեր ձևաչափի ֆինանսական գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար:

 

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներգրավվածությունը Հայաստանի Կառավարության ձեռնարկած բարեփոխումների իրականացման գործում և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 12 մլրդ դոլար ֆինանսական օգնություն կհատկացնի զարգացող երկրներին, որոնք կկարողանան ամրապնդել առողջապահության համակարգը: Յուրաքանչյուրը կբարելավի բժշկական ծառայությունների մատուցումը և կուժեղացնի հիվանդությունների նկատմամբ հսկողությունը։ Ընդ որում՝ 8 մլրդ դոլար կհատկացվի արագացված կարգով։