
Արմինֆո. Ռուբլու արժեզրկման առնչությամբ Ռուսաստանում գնաճը կարող է հասնել 7 տոկոսի, իսկ հետխորհրդային երկրներում՝ գերազանցել Ռուսաստանի մակարդակը։ Մարտի 12-ին Մոսկվա - Երեւան - Բիշքեկ - Թբիլիսի-Մինսկ տեսակամուրջի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Զուբեցը՝ պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի հարցին։
Իր կարծիքը փորձագետը առավելապես պայմանավորել է այն հանգամանքով, որ ստեղծված պայմաններում ռուսները կսկսեն հրաժարվել ապրանքների և ծառայությունների ձեռքբերումից, կկրճատեն սպառումը, կխնայեն փողերը, կդնեն բանկում, ինչի արդյունքում կտուժի ներմուծումը: "Ներմուծումը միշտ ավելի շատ ու ավելի լուրջ է տուժում, քան ներքին սպառումը: Արտահանող երկրները կհայտնվեն ավելի ծանր վիճակում, քան ռուսաստանցի արտադրողները", - ասել է նա։
Սակայն Զուբեցն ընդգծել է, որ Ռուսաստանը գնաճի առումով լուրջ աղետներ չի ակնկալում։ Լավատեսական սցենարի դեպքում այս իրավիճակը կլուծվի մի քանի ամսից, վատագույն դեպքում ՝ մինչև տարեվերջ։ "Ռուսաստանի եւ հետխորհրդային տարածքի երկրների տնտեսությունում բարելավում կդիտվի այս տարվա աշնանը, եւ իրավիճակը կկայունանա", - արձանագրել է փորձագետը: