Արմինֆո. Համաշխարհային ճգնաժամի հաղթահարումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի Չինաստանից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
"Արդյունաբերական պարապուրդը վաղ թե ուշ կավարտվի։ Կարծում եմ, որ արդեն առաջիկա շաբաթներին իրավիճակը Չինաստանում կսկսի կայունանալ, ինչից հետո այնտեղ տնտեսական վերելքի առաջին նախադրյալները կնախանշվեն։ Համապատասխանաբար, աստիճանաբար կրկին կբարձրանա էներգակիրների, մասնավորապես, նավթի նկատգմամբ պահանջարկը", - նշել է նա։
Ռարի գնահատմամբ՝ կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները ծանր կլինեն աշխարհի բոլոր երկրների համար։ Եվ այսօրվա դրությամբ կարելի է փաստել, որ կորուստներ կրում են բոլորը՝ առանց բացառության, այդ թվում՝ հենց Չինաստանը։ Իրավիճակը պարզ կդառնա այնպիսի երկրի ի հայտ գալուց հետո, որը կարող է մյուսներից արագ վերականգնել արդյունաբերական արտադրությունը։ Առայժմ իրավիճակը, ըստ քաղաքագետի, բնութագրվում է որպես կատարյալ անորոշություն։
"Իմ երկրում՝ Գերմանիայում, այսօր ամեն ինչ պարապուրդի է մատնված։ Խախտվել է ամենատարբեր ինստիտուտների աշխատանքը, դադարեցվել են ծրագրերը, տնտեսությունը կանգնած է, ինչը հանգեցնում է պարտքերի կուտակման։ Եվ բոլորիս համար ծանր այս ժամանակահատվածում իրավիճակի բարելավման ուղղությամբ նույնիսկ հեռանկար չի երևում։ Փոփոխություններ կլինեն, անկասկած։ Սակայն, ես կարծում եմ, որ այն խոսակցությունները, թե ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսի հաղթահարումից հետո, շահարկումներ են", - ընդգծել է նա։
Ռարի կանխատեսումներով՝ երկու-երեք շաբաթ անց հնարավոր կլինի գնահատել այն մեթոդների և միջոցների արդյունավետությունը, որոնց միջոցով տարբեր երկրների կառավարությունները փորձում են կանխել տնտեսական ցուցանիշների անկումը։ Մասնավորապես, նման ակնկալիքներ ունի Գերմանիայի կառավարությունը, որն առայժմ քաղաքացիներին ինքնամեկուսացման կոչ է անում։
"Որքան ես հասկանում եմ, մեր կառավարությունը դրական արդյունքներ է ակնկալում ձեռնարկվող հակաճգնաժամային միջոցառումներից։ Եթե դրանք արդարանան, կսկսվի բաժնետոմսերի գնանշումների, նավթի գների անհապաղ աճ և, համապատասխանաբար, արդյունաբերական հատվածի աշխուժացում։ Սակայն, եթե, Աստված մի արասցե, հակաճգնաժամային միջոցառումներն ավարտվեն ապարդյուն, և Գերմանիայում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Իտալիայում, իրավիճակի զարգացման հետագա սցենարների վերաբերյալ կանխատեսում անել այլևս ոչ ոք չի կարող", - ամփոփել է գերմանացի քաղաքագետը։