
Արմինֆո.Բեռնափոխադրումներով զբաղվող <Սպայկա> ընկերությունն ահազանգում է, որ Վրաստանով տրանզիտ դեպի ՌԴ մեքենաների տեղաշարժման հարցը այդպես էլ դեռևս չի լուծվել:
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ Բագրատաշենի անցակետում ավելի քան 12 օր շարունակում են հարյուրավոր մեքենաներ կուտակված սպասել Հայաստանից դեպի Ռուսաստան տարանցիկ թույլտվության:
<Մարտի 23-ին մոտ 50 մեքենա ձևակերպվել և մուտք են գործել Վրաստանի տարածք տարանցիկ անցնելու համար, սակայն նրանց երթը նույնպես կանգնեցվել է Վրաստանի տարածքում առանց հստակ պատճառաբանության: Սպայկա ընկերությունը Բագրատաշենի անցակետում ունի ավելի քան 100 բեռնատար (2100 տոննա) թարմ բանջարեղենով բարձված, որի պիտանելիության ժամկետին մնացել է 6 օր: ՌԴ հասնելուն պես արդեն որակի 50 տոկոսի կորուստ ենք ունենալու, որը գնահատվում է մոտ 2 մլն դոլար: Հարցը հրատապ հանգուցալուծում է պահանջում>,- նշվում է ընկերության հաղորդագրությունում: