Արմինֆո.Այսօրվանից սկսած Արդշինբանկը ՍԱՍ սուպերմարկետների ցանցի հետ համատեղ 76 և բարձր տարիքի իր ավելի քան 870 թոշակառու հաճախորդների տուն կհասցնի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, իսկ մարզերի ավելի քան 2400 թոշակառուների թոշակային քարտերին կփոխանցի դրամական օգնություն:
Երևանցի թոշակառուներին սննդով լի տոպրակներն անվճար տեղ կհասցնի ՍԱՍ սուպերմարկետի առաքման ծառայությունը: Բանկի աշխատակիցները նույնպես կմասնակցեն այդ գործին: Փաթեթը կներառի մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, բուսական յուղ, պահածոյացված բանջարեղեն, ալյուր, շաքարավազ և այլ ապրանքներ: Մարզերի կենսաթոշակառուներին դրամական օգնությունը կփոխանցվի կենսաթոշակային քարտերին:
«Երկրի համար այս լարված օրերին մեր Բանկի ուշադրությունը բևեռված է տարեցների վրա, որոնք առավել ռիսկային խումբ են համարվում հատկապես Երևանում: Եվ պատահական չէ, որ նրանց լրացուցիչ նեղություն չպատճառելու համար Բանկն իր միջոցներով ձեռք է բերում առաջին անհրաժեշտության մթերքներ և այն մեր գործընկերոջ օգնությամբ հասցվում է հասցեատերերին, իսկ մարզերի՝ համապատասխան տարիք ունեցող կենսաթոշակառուներին տրվում է դրամական օգնություն: Առողջություն և համբերություն ենք մաղթում մեր հայրենակիցներին: Վստահ ենք, որ մեր բազում դժվարություններ տեսած ժողովուրդը կհաղթահարի նաև այս փորձությունը
: Մենք հույս ունենք, որ այս օրերը արագ կանցնեն և կյանքը կվերադառնա իր նորմալ հուն», - մեկնաբանեց Արդշինբանկի նախագահ Արտակ Անանյանը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |