Երկուշաբթի, 30 Մարտի 2020 16:22
Ալինա Հովհաննիսյան

Կառավարությունը միանվագ նպաստներ կհատկացնի տնտեսական գործունեության առավել խոցելի ոլորտների վարձու աշխատողներին և ԱՁ-ներին

Կառավարությունը միանվագ նպաստներ կհատկացնի տնտեսական գործունեության առավել խոցելի ոլորտների վարձու աշխատողներին և ԱՁ-ներին

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մարտի 30-ի արտահերթ նիստում միաձայն ընդունել է հակաճգնաժամային միջոցառումների 8-րդ փաթեթը' ուղղված կորոնավիրուսի համաճարակի պայմաններում տնտեսական գործունեության առավել խոցելի ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին աջակցելուն:

 

Ինչպես պարզաբանել է  վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, աջակցության այս փաթեթը վերաբերում է հանրային սննդի, հյուրանոցային տնտեսությունների ոլորտներում գործող ԱՁ-ներին և աշխատակիցներին, ինչպես նաև ներառում է զբոսաշրջային գործակալությունները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, մանրածախ առևտուրը, մասնավորապես, հագուստի, կոշիկի, կենցաղային տեխնիկայի խանութները և այլն: Նրա ասելով, ըստ նախնական հաշվարկների, շահառուների թիվը հասնում է 127 հազարի, իսկ ծրագրի բյուջեն գերազանցում է 10 մլրդ դրամը:

 

Միանվագ օգնության չափը համարժեք կլինի հունվար-փետրվարին հաշվարկված միջին աշխատավարձի 50%-ին, ինչը կկազմի 68 հազար դրամից ոչ պակաս (նվազագույն աշխատավարձի չափը) եւ 136 հազար դրամից ոչ ավելի (նվազագույն աշխատավարձի կրկնակի):

 

Վերը նշված ոլորտների անհատ ձեռներեցների համար միանվագ նպաստի չափը կկազմի 2019թ. IV եռամսյակի իրացման շրջանառության 10%-ը, սակայն, չգերազանցելով նվազագույն աշխատավարձի կրկնակի չափին համարժեք ծավալը:

 

Տրամադրված միջոցները, ըստ Սարգսյանի, չեն հարկվում եւ հաշվեգրվելու են վարձու աշխատողի հաշվին՝ առանց գործատուի միջնորդության։  Նշվել է, որ աջակցության 8-րդ փաթեթի հնարավոր շահառուները ապրիլի 9-ից պետք է համապատասխան հայտ լրացնեն http://online.ssa.am/ կայքում: Տրամադրված տվյալների հիման վրա համակարգը ավտոմատ կերպով կորոշի, թե արդյոք տվյալ ֆիզիկական անձը ծրագրի շահառու է: Հաստատվելու դեպքում՝ միջոցները  1-2 օրվա ընթացքում  կհաշվեգրվեն աշխատակցի բանկային հաշվին:

 

Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը նախատեսում է 25 մլրդ դրամ ուղղորդել տնտեսական աջակցությանը, 25 մլրդ դրամ ՝ սոցիալական աջակցությանը, 80 մլրդ դրամ՝ տնտեսական ծրագրերի վերակազմակերպմանը, և 20 մլրդ դրամը պահուստային միջոցներ են հետագա հնարավոր բաշխման համար։

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մշակել և հաստատել է հակաճգնաժամային միջոցառումների 8 փաթեթ՝ ուղղված բիզնեսին եւ  սոցիալապես խոցելի բնակչությանն աջակցությանը կորոնավիրուսի տարածման պայմաններում, որոնք անհրաժեշտության դեպքում կընդլայնվեն կամ կփոխվեն ՝ կախված դրանց արդյունավետությունից: