Արմինֆո.Հայկական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահի և ՀՀ վարչապետի միջև այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են տնտեսության գործունեությունը ներկայիս ծանր պայմաններում՝ նշելով առկա լուրջ խնդիրներն ու դժվարությունները:
Կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք Բելառուսն ու Հայաստանը ներմուծում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:
Քննարկման առանձին թեմա էր առողջապահական համակարգերի գործունեությունը և սեզոնային սուր վիրուսային վարակների տարածմանը հակազդեցությունը:
Նաև ներկայիս իրավիճակի կապակցությամբ Բելառուսի նախագահը և ՀՀ վարչապետը քննարկել են ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման հնարավորությունը՝ տնտեսական զարգացող մարտահրավերները քննարկելու համար: Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությունով հանդես է եկել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ որպես Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկրի ղեկավար: Բելառուսի առաջնորդն ընդգծել է հրատապ հարցերի առկայությունը, որոնք պահանջում են մանրամասն քննարկում ամենաբարձր մակարդակով:
Բելառուսի ղեկավարը հանձնարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ յուրաքանչյուր կողմի հետ մշակել այդ հարցը և նրանց հասցնել քննարկված դիրքորոշումները: Պետությունների ղեկավարների համաձայնության դեպքում Բելառուսը կառաջարկի հանդիպումը անցկացնել բացառապես նեղ կազմով՝ երաշխավորելով ժամանած պատվիրակությունների յուրաքանչյուր անդամի լիակատար անվտանգությունը: Այս քննարկման անցկացման այլընտրանքային տարբերակն, ըստ բելառուսական կողմի, կարող է լինել տեսակոնֆերանսը՝ Եվրասիական տնտեսական միության առաջնորդների մասնակցությամբ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |