Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲ և «Տրանսգազ» ՍՊ ընկերությունները մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաև գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման («Գազպրոմ Արմենիա»), բնական գազի բաշխման («Գազպրոմ Արմենիա») և բնական գազի փոխադրման («Տրանսգազ») սակագների վերանայման հայտերով։
Պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում բնական գազի բոլոր սպառողների համար, բացառությամբ էլեկտրական էներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար՝ օգոստոսի 1-ից, առաջարկվում է սահմանել հետևյալ սակագները.
Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 139 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909.6 դրամ:
Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի գործող 100 հազար դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 135 հազար 909.6 դրամ:
Ջերմոցային տնտեսություններին և վերամշակող կազմակերպություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 212 դոլար (արտահայտված դրամով) սակագնի փոխարեն առաջարկվում է սահմանել 283,14 դոլար (արտահայտված դրամով) սակագինը:
Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի 242.1 դոլար (արտահայտված դրամով) սակագինն առաջարկվում է դարձնել 283.14 դոլար (արտահայտված դրամով)։
Մինչդեռ <Արմինֆո> - ի հարցմանն ի պատասխան՝ ընկերությունում նշել են, որ մեկնաբանություններ չեն լինելու:
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Այս դիմումը կապված է երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա COVID-19-ի բացասական ազդեցության հետ: Առաջարկ է արվել նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ: