Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020 17:57
Ալինա Հովհաննիսյան

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է տնտեսական բլոկի հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ընթացքը

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է տնտեսական բլոկի հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ընթացքը

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից տնտեսական բլոկի գծով մշակված հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ընթացքը: Ինչպես ապրիլի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է նախարարը, կառավարությունն արդեն սկսել է բիզնեսին հակաճգնաժամային 4 փաթեթով աջակցություն տրամադրելու գործընթացը։

 

Մասնավորապես, ըստ նրա, միջոցառումների 1 փաթեթի շրջանակներում (վարկերի սուբսիդավորում, համաֆինանսավորում եւ  վերաֆինանսավորում) հաստատվել են 25 շահառուների  1.4 մլրդ դրամի հայտեր, որից արդեն փոխանցվել է 520 մլն դրամ: Միջոցառումների 2 փաթեթով, որը վերաբերում է ֆերմերային տնտեսություններին և կոոպերատիվներին աջակցությանը, հաստատվել է 1.1մլրդ դրամի հայտ, որից արդեն տրամադրվել է 600 մլն դրամ։ Անդրադառնալով միջոցառումների 3 փաթեթին՝ Խաչատրյանը նշել է, որ հաստատվել են 27 տնտեսվարող սուբյեկտների (որոնց շրջանառությունը կազմում է 24 - 500 մլն դրամ) 280 մլն դրամի հայտերը, 87-ը ուսումնասիրության փուլում են: 5  փաթեթով  աջակցություն է ցուցաբերվել 1826 տնտեսվարող սուբյեկտի (որոնց վարձու աշխատողների թիվը 2-50 է): Խաչատրյանն ընդգծել է, որ հակաճգնաժամային միջոցառումների բոլոր ներկայացված փաթեթները մշակվել են ստացված առաջարկությունների եւ բիզնեսի կողմից արտահայտված մտահոգության հիման վրա: "Մենք լսում ենք բոլորին, համախմբում ենք բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները, և, արդյունքում, կազմում ենք միասնական միջոցառումներ, որոնք պետք է անդրադառնան մեծ թվով տնտեսվարողների վրա", - ասել է նախարարը, նշելով, որ գերատեսչությունը բաց է հետագա քննարկումների և բիզնեսի հետ երկխոսության համար:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իր հերթին, հավելել է, որ կառավարությունը շարունակում է հակաճգնաժամային միջոցառումների հստակեցման աշխատանքները, որպեսզի, արդյունքում, բոլոր նրանք, ովքեր պետք է դառնան առաջարկված ծրագրերի շահառու, պետության կողմից ստանան անհրաժեշտ աջակցություն:

 

"Տնտեսական բլոկի վերաբերյալ մշակված գործիքակազմը ոչ միայն հակաճգնաժամային միջոցառումներն են, այլ մեր գլխավոր նպատակը պայմաններ ստեղծելն է՝ ի նպաստ բիզնեսի հետագա զարգացման", - ընդգծել է նա: