Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2020 12:14
Ալինա Հովհաննիսյան

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ԵԱՏՄ շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ԵԱՏՄ շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը

Արմինֆո. Այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները :

 

Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձևավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության և հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։

 

Նախարար Պապիկյանի խոսքով՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից և ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության և հեռանկարային զարգացման նախապայմաններ։

 

Նիստի ընթացքում միության անդամ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների առաջարկների ուղղությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։ Գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով փոխհամաձայնեցված առաջարկները կներկայացվեն ԵՏՀ խորհրդի հաստատմանը՝ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթի նախագծում ներառելու նպատակով: