Արմինֆո.«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը: Ընկերության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի ներկայացրած աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։ Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Արա Խաչատրյանը որպես տօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։
Տեղեկանք. Արա Սերգեյի Խաչատրյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Մագիստրոսական աստիճանը ստացել է Լոնդոնի «Բիզնես դպրոցում» եւ ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի «Բիզնես դպրոցում» (MBA): Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական եւ կառավարման ինստիտուտներից։
Աշխատել է PWC, Baker Tilly, Path միջազգային կառավարման խորհրդատվական ընկերությունների առանցքային պաշտոններում, իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հանդիսանում է Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության խորհրդատվական մարմնի անդամ։ Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Նշենք, որ ապրիլի 14-ին «Յուքոմի» կառավարիչների խորհուրդը պաշտոնից հեռացրել էր ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին: Մասնավորապես, ընկերության հաղորդագրության մեջ նշվում է. "Հետագայում նոր գլխավոր տնօրենի հետ անխափան աշխատանքն ապահովելու համար Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումներ եւ ներգրավել նոր հնարավորություններ: Չի նախատեսվում կրճատել աշխատակիցների հաստիքները, հատկապես, երկրում ստեղծված պայմաններում, երբ կապը չափազանց կարևոր դեր է խաղում։ «Յուքոմը» շարունակելու է մնալ կապի հայաստանյան օպերատոր"։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին արդեն նախկին ղեկավարության կողմից ԶԼՄ-ներում ակտիվորեն տարածվել էր ընկերության 500-ից ավելի աշխատակիցների հրաժարականների մասին տեղեկատվությունը, որոնք, իբր, աշխատանքից ազատվելու դիմում են գրել Հայկ Եսայանի հրաժարականի առնչությամբ, որը եղբոր հետ միասին ընկերության բաժնետոմսերի 5,94%-ի սեփականատերն է: Սակայն ապրիլի 14-ի առավոտյան ԶԼՄ-ները նամակ էին ստացել «Յուքոմի» աշխատակիցներից, որում վերջիններս հերքել էին աշխատակիցների զանգվածային հրաժարականների վերաբերյալ տեղեկությունը։
Հայկ Եսայանը նամակում իր հրաժարականի պատճառը բացատրել էր իր և Գուրգեն Խաչատրյանի (ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար) միջև տարաձայնություններով:
Նշվում է, որ Եսայանն առաջարկել է ձեռք բերել ընկերությունում իրեն և եղբորը պատկանող բաժնեմասերը կամ 22 մլրդ դրամով ձեռք բերել մյուս համասեփականատերերի բաժնետոմսերը՝ մի քանի օր անց առաջարկելով արդեն 34 մլրդ դրամ, սակայն, մերժում է ստացել: Ավելին, Եսայանը պատմել է, որ ընկերությունը լքելու իր որոշումը պատճառաբանվել է նաեւ նրանով, որ իր թեկնածությունը չի դիտարկվում որպես ընկերության ղեկավար «Յուքոմի» եւ "Beeline Հայաստանի" հնարավոր միաձուլումից հետո:
VEON միջազգային ընկերության եւ Galaxy խմբի միջեւ, որի կազմում է «Յուքոմը», բանակցություններ են ընթանում միացյալ ընկերության հետագա զարգացման շուրջ: Միաձուլման գործը գտնվում է Հայաստանի հակամենաշնորհային գերատեսչության վարույթում։