Արմինֆո. Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային Ժողովը Մարտին Գալստյանին ընտրել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ընթացակարգերի համաձայն, Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին:
Մարտին Արտաշեսի Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին: 1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2009-2010 թթ. սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Երկար տարիներ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին ղեկավար:
2018 թ-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:
Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու / դասախոս: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մրցունակություն և կլաստերներ» առարկան: Նույն համալսարանում Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով դասախոսություններ է կարդում: 2015 թ-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս: Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մասնակցել է 50-ից ավել միջազգային մասնագիտական միջոցառումների, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա: