Արմինֆո.Կապի օպերատորների հնարավոր միավորման դեպքում հիմնական ռազմավարական ռիսկերից է ՀՀ տեղեկատվական անվտանգության խնդիրը, մինչդեռ հեռահաղորդակցության ոլորտում երեք ուժեղ օպերատորների առկայության դեպքում այդ ռիսկը նվազում և/կամ չեզոքացվում է:
Այս մասին ասվում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի հայտարարության մեջ։
<Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև մենաշնորհային կամ մերձմենաշնորհային դրությունների վնասակարությունը ինչպես ազատ շուկայական տնտեսությանը, այնպես էլ ժողովրդավարությանը եւ մարդու հիմնարար իրավունքների համակարգին, վճռականորեն կոչ ենք անում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վարույթը վերսկսելուց հետո, ելնելով իր լիազորություններից, որոշում կայացնել նշված համակենտրոնացման գործողությունը արգելելու վերաբերյալ: Այդպիսի որոշումը թույլ կտա. 1.Պահպանել շարժական կապի առնվազն երեք օպերատորների առկայությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի անմենակարևորը՝ ապահովել երկրի տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական մրցակցությունը և տեխնոլոգիական զարգացումը: 2.Բացառել մեկ սեփականատիրոջ կողմից մեկից ավելի կապի օպերատորի սեփականատեր լինելը: 3.Կապի օպերատորներին ներկայացնել այնպիսի պահանջներ, որպեսզի շարունակաբար բարելավվի ծառայությունների որակը, նրանց կողմից մատուցվող ծառայությունները տեխնիկական, տեխնոլոգիական և ֆինանսական առումով հասանելի դառնան Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ամբողջ բնակչությանը։
2019թ դեկտեմբերի 30-ին “Վեոն Արմենիա” և “Յուքոմ” փակ բաժնետիրական ընկերությունները դիմել էին ՀՀ ՏՄՊՊՀ համակենտրոնացման թույլտվություն ստանալու նպատակով, մասնավորապես «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % բաժնետոմսերը և այդ դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ն սահմանված կարգով վարույթ է հարուցել: Սույն թվականի մարտի 19-ին ՏՄՊՊՀ-ն, ելնելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում վարույթների վերաբերյալ նիստերի անցկացման հետ կապված առողջական ռիսկերից, իր N 122-Ա որոշմամբ կասեցրեց մի շարք վարույթների, ներառյալ նաև այս վարույթի, ընթացքը>,- նշված է հայտարարության մեջ։
Մինչդեռ նախօրեին հայտնի դարձավ, որ Ucom-ից հեռացած Եսայան եղբայրները հիմնել են <ՕԼՆԵԹ> նոր հեռահաղորդակցային ընկերությունը, որը հայ սպառողներին հեռահաղորդակցության ոլորտում նորարարական թվային ծառայություններ կմատուցի: