Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Փոխվարչապետը, ՀԲ կողմին շնորհակալություն հայտնելով տեսազանգի նախաձեռնության համար, նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակում է մնալ ՀՀ առանցքային գործընկերներից մեկը: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը հատկապես այս ժամանակահատվածում:
Փոխվարչապետն իր երախտիքի խոսքն է հայտնել պարոն Մյուլերին կատարած մեծածավալ աշխատանքի համար և նշել, որ պատիվ է եղել համագործակցել այսպիսի խորը գիտելիքներով և մասնագիտական հմտություններով պաշտոնյաի հետ՝ ընդգծելով, որ նա մշտապես կլինի մեր երկրի բարեկամը:
Այնուհետև փոխվարչապետը շնորհավորել է Աննա Բյերդեին իր նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանք իր պատասխանատու գործում:
Տեսազանգի ընթացքում հայկական կողմը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված միջոցառումները՝ նշելով, որ դրանք նաև ՀԲ խորհրդատվությունների շնորհիվ շարունակաբար բարեփոխումների են ենթարկվում՝ դառնալով առավել թիրախային և արդյունավետ
Սիրիլ Մյուլերը բարձր է գնահատել կորոնավիրուսի տարածումը կանխելու և բնակչության ու տնտեսության համար դրա հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ Կառավարության ձեռնարկված քայլերը: Իսկ նորանշանակ նախագահ Աննա Բյերդեն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Կառավարությանը այս կարևոր փուլում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական ոլորտում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների և դրանց հաղթահարման շուրջ:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թթ. «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար: Համաշխարհային բանկը (ՀԲ) 3 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համարանհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն և վերահսկում» ընթացիկ ծրագրի շրջանակներում ձեռք բերել թոքերի արհեստական օդափոխության 50 սարք՝ 1.35 միլիոն դոլար արժողությամբ։