Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020 18:03
Ալինա Հովհաննիսյան

Փոխվարչապետ. Ավիացիայի ոլորտում մեր գլխավոր նպատակը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանելն է

Փոխվարչապետ. Ավիացիայի ոլորտում մեր գլխավոր նպատակը եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանելն է

Արմինֆո. Ալինա Հովհաննիսյան: Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) զեկույցում Հայաստանի ավիացիոն ոլորտում հայտնաբերված թերությունները վերաբերում են տասնամյակներ շարունակ կուտակված թերություններին եւ խնդիրներին, այլ ոչ թե միայն վերջին տարիներին: Այդ մասին մայիսի 6-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Քաղավիացիայի կոմիտեն բացահայտված թերությունները վերացնելու համար նախաձեռնել է խիստ միջոցներ, որոնք գերատեսչության կողմից տարիներ շարունակ չեն իրականացվել։

Փոխվարչապետը հաղորդել է, որ մայիսի 12-ին տեղի կունենա խորհրդակցություն, որի ընթացքում կտրվեն եզրակացություններ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հետագա ճակատագրի վերաբերյալ: "Երբ վերջնական որոշումը հրապարակվի, մենք համապատասխան հետեւություններ կանենք։ Պետք չէ դրանք նախապես անել, եկեք սպասենք խորհրդակցության արդյունքներին։ Բայց կարծում եմ, որ մենք դրական փոփոխություններ կստանանք", - ասել է Ավինյանը։

Մասնավորապես, նա նշել է, որ այս խնդիրը լուծելի է, չնայած EASA-ի մայիսի 12-ի եզրակացությանը եւ ավիացիոն ոլորտի զարգացման հետ կապված առկա իրավիճակին: "Մենք չենք կարող կրել դրա հետ կապված որևէ կորուստ", - հավաստիացրել է փոխվարչապետը:

"Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի դիտարկմանը, թե եվրոպական շուկան, հնարավոր է կորցնենք, փոխվարչապետն ընդգծել է. "Մենք այդ շուկայում ներկա չենք եղել, որպեսզի հիմա էլ կորցնենք:  Եվրոպական շուկա մուտք գործելու համար, առնվազն, մեզ անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան կարողություններ ինչպես ՔԱԿ-ում, այնպես էլ հենց հայկական ավիաընկերություններում՝ եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար։ Սա է լինելու մեր նպատակը":

Նա, մասնավորապես, նշել է, որ այս փուլում Հայաստանը խնդիրներ չունի եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու առնչությամբ, եթե դրանք իրականացվում են հայկական ավիաընկերությունների կողմից և վերաբերում են ՀՀ քաղաքացիների վերադարձին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ EASA-ն ՔԱԿ-ում անցկացված աուդիտի հիման վրա հրապարակել էր զեկույց, որում ասվում էր, որ կասեցվում է հայկական ավիաընկերություններին եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու լիցենզիա տրամադրելու կոմիտեի հնարավորությունը: ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ չներկայացված հաշվետվությունները, վարչություններում տարբեր մոտեցումները Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության բացահայտած գլխավոր թերություններն են: "Գործակալության զեկույցում նշված չէ, որ թերությունները հայտնաբերվել են վերջին 2 տարում։ Նշվում են կոնկրետ թերություններ, որոնք նկատվել են փետրվարի 3-ից 7-ը կատարած այցի ընթացքում, սակայն չի նշվում, թե արդյոք դրանք առնչվում են վերջին 2 տարիներին։ Ընդհակառակը, կարող եմ ասել, որ իրականում մենք իրենց կողմից հայտարարություն ունենք, որտեղ ղեկավար կազմն իրականում նշում է, որ դրանք ընդհանրապես կապված չեն նոր ղեկավարության հետ", - ասել է նա։