
Արմինֆո. Կառավարությունը կաջակցի Երևանի քաղաքապետարանին նոր տրանսպորտային միջոցների ձեռք բերման խնդրի լուծման հարցում։ Այդ մասին մայիսի 6-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է փոխվարչապետը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։
Փոխվարչապետի խոսքով՝ այս հարցի շուրջ բանակցություններ են ընթացել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, որը համաձայնել է Հայաստանին 25 մլն եվրո վարկ տրամադրել՝ 100 ժամանակակից ավտոբուսների ձեռք բերման համար։ ՎԶԵԲ-ի առաջարկով, արագացված կարգով արդեն իսկ մրցույթ է անցկացվում Երևանի համար 12մ երկարությամբ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ցածր հարթակով 100 ավտոբուս գնելու համար: Փոխվարչապետը նշել է, որ միջոցները տրամադրվելու են նախկինում հաստատված ծրագրերի շրջանակում:
"Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ժամանակավոր բարդություններից հետո մենք, վերջապես, հայտարարում ենք ավտոբուսների գնման հայտամրցույթ: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված 100 ավտոբուսների գնման մրցույթը: Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել բնական գազով աշխատող, 12 մետր երկարությամբ, սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար հարմարեցված ցածր հհարթակ ունեցող 100 ավտոբուս, որոնց միջազգային լավագույն չափորոշիչները մանրակրկիտ մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում", - ավելի վաղ նշել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մրցույթը բաց կլինի մինչև 2020 թվականի հունիսի 12-ը։
Նշենք, որ աայդպիսի մի քանի ավտոբուսներ արդեն շրջապտույտ են անցկացրել Երեւանում՝ առաջացնելով ուղեւորների մեծ հետաքրքրություն։ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանու հերթական նիստում Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը հղորդդել էր, որ նոր ցանցի համար պահանջվում է շուրջ 850 ավտոբուս, և նախատեսվում է, որ դրանք մատակարարվելու են փուլ առ փուլ: