
Արմինֆո. Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հետ ֆինանսական պայմանագրերի փոփոխությունների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր կստորագրի: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
Մասնավորապես, որոշման նախագծի տեղեկանք-հիմնավորման համաձայն, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոններ – փուլ 1» ֆինանսական պայմանագրի 8 մլն եվրոյի թիվ 1 փոփոխության ստորագրմանը: Փաստաթղթի ստորագրմամբ նախատեսվում է վարկի տրամադրման ժամկետը եւ դրա հետ կապված այլ ժամկետները երկարացնել մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 29-ը, այդ թվում նախատեսված է փոխել հաստատված սպրեդը եւ ֆիքսված տոկոսադրույքը:
Դրա հետ մեկտեղ, ՀՀ-ն փաստաթուղթ կստորագրի ԶՖԳ հետ 40 մլն եվրոյի բյուջետային աջակցության մասին վարկային համաձայնագրի թիվ 1 փոփոխության մասին: Վարկային համաձայնագիրը նպատակաուղղված է երկրում կառավարության բարեփոխումների իրականացմանը հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության ապահովման եւ մրցունակության ամրապնդման ուղղություններում: Փաստաթղթի ստորագրմամբ ակնկալվում է ծրագրի բաղադրիչների փոփոխություն։ "Հաշվի առնելով, որ ծրագրի տեխնիկական ավարտը նախատեսված էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, անհրաժեշտություն առաջացավ այն երկարաձգել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31 - ը, ինչը հնարավորություն կտա 1 բաղադրիչի համար նախատեսված միջոցներն ուղղորդել ՀՀ հարկային վարչարարության առավել արդիական նպատակների իրականացմանը և սկսել ծրագրի 2 բաղադրիչի շրջանակներում նախատեսված աշխատանքների ֆինանսավորումը", - ասվում է աղբյուրի մեջ: