Արմինֆո.Ժամանակն է, որ Հայաստանն արդեն գիտակցի Ռուսաստանի թուլությունը՝ որպես իր հիմնական ռազմավարական գործընկերոջ, առաջին հերթին՝ տնտեսական ոլորտում։ Գիտակցի, համապատասխան հետևություններ անի և սկսի քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
"Առկա իրողություններում Ռուսաստանի հետ բացառիկ տնտեսական հարաբերությունները Հայաստանի համար ակնհայտորեն բավարար չեն։ Առաջին հերթին, նկատի ունենալով Վերին Լարսի անցակետով ուղիղ ցամաքային հաղորդակցությանըն առնչվող խնդիրները, ռուսական ռուբլու ինֆլյացիան եւ այլ բացասական միտումները Ռուսաստանում։ Արդեն հասկանալի է, որ կորոնավիրուսի հետեւանքներից ռուսական տնտեսության արագ վերականգնում ակնկալելու հարկ չկա", - նկատել է նա։
Այս ամենը, ըստ Մակարյանի, ամենևին չի նշանակում Երևանի տնտեսական առաջնահերթությունների վերանայում ռազմավարական գործընկերոջ հաշվին։ Նրա կարծիքով, այստեղ խոսքն, ավելի շուտ, այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին է:
Այս լույսի ներքո՝ տնտեսագետը Հայաստանի ԱԳՆ-ի կողմից, այսպես կոչված, տնտեսական դիվանագիտության նախաձեռնման և զարգացման անհրաժեշտություն է տեսնում։ Նրա կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության այս գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի այլ երկրների հետ բացառիկ մոդելի տնտեսական համագործակցության հաստատումը։
Տվյալ դեպքում, ըստ Մակարյանի, խոսք կարող է գնալ, օրինակ, Վրաստանի մասին։ Վերջինը ոչ միայն տարանցիկ հնարավորություններ և հաղորդակցություններ ունի Սև ծովի ուղղությամբ, այլև Եվրամիությանը հետևողականորեն ինտեգրվող երկիր է։ Այս լույսի ներքո՝ Վրաստանը կարող է ունենալ ինչպես պայմանագրեր, այնպես էլ քվոտաներ, որոնք Հայաստանը չունի, բայց որոնք Վրաստանը կարող է իրականացնել Հայաստանի աջակցությամբ։
Հայաստանը, իր հերթին, կարող է աջակցել Վրաստանի ելքին Իրան և Սիրիա։ Սակայն, դա էլ Երևանից պահանջում է Թեհրանի և Դամասկոսի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերի ուժեղացում և արագացում։ Հենց խոշոր երկրների հետ զարգացած գործընկերությունը, ըստ տնտեսագետի կանխատեսումների, թույլ կտա Հայաստանի փոքր տնտեսությանը հետաքրքրություն ներկայացնել այլ գործընկերների համար, որոնց թվում է նաև Վրաստանը։