
Արմինֆո. "Այսօր գյուղատնտեսության վիճակը բարդ է, այսպես մենք երկար չենք դիմանա, կարծում եմ, որ այս տարի ցուցանիշները մի փոքր ավելի վատ կլինեն, քան նախորդ տարի", - մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Այդ կապակցությամբ նա նշել է, որ երկու անգամ կրճատվել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները։ "Եթե Ռուսաստանը չտա այդ ցորենը, ի՞նչ եք պատրաստվում անել" ,- հարցրել է Բերբերյանը ՝ դիմելով կառավարությանը։ Բացի այդ, նա ընդգծել է, որ դեռեւս չի հաղթահարվել ցեցի խնդիրը։ Նա պատմել է, որ ցեցն արդեն նկատվել է Ստեփանավանի շրջանում, ինչը չպետք է լիներ, եթե ժամանակին դրա դեմ պայքար մղվեր։
Դրա հետ մեկտեղ, Բերեբերյանը նկատել է, որ բանկերն ամեն հարմար առիթ օգտագործում են գյուղացիներին վարկեր չտրամադրելու համար: "Օրինակ, մարդը տնկանյութ, գործիքներ է ներմուծել, , մաքսատունն, իր հերթին, տուգանքներ է սահմանել, եւ նա չի կարող վարկ ստանալ այդ գումարը վճարելու համար": Բերբերյանի պնդմամբ, բանկն օրեցօր, հետաձգում է որոշման ընդունումը՝ ամեն անգամ գյուղացուց հերթական փաստաթուղթ պահանջելով: Այս համատեքստում նա ընդգծել է, որ կառավարությունը պետք է աշխատի ոչ թե բանկերի, այլ ֆերմերների հետ։
Մինչդեռ, նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020 թվականի առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 4,5 տոկոսով ' կազմելով 73.6 մլրդ դրամ: