Երկուշաբթի, 1 Հունիսի 2020 15:37
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ դեսպանը և ԻԻՀ նավթի նախարարը քննարկել են գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը

ՀՀ դեսպանը և ԻԻՀ նավթի նախարարը քննարկել են գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը

Արմինֆո.  ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ:

 

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը նշեց, որ 2020 թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները:

 

Այդ կապակցությամբ դեսպան Թումանյանը հատուկ ընդգծեց գազ-էլեկտրաէներգիա փոխանակման կարևորագույն ծրագրի առնչությամբ նոր պայմանագրի (կամ փոփոխությունների) հրատապ ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հայկական կողմի համապատասխան առաջարկություններն ամիսներ առաջ ներկայացվել են ԻԻՀ նավթի նախարարություն:

 

ՀՀ դեսպանը նաև հավելեց, որ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում գործունեության հուսալիության և արդյունավետության առումով Իրան-Հայաստան գազամուղը շահեկանորեն կարող է տարբերվել մյուս հարևան երկրների հետ Իրանի ունեցած համատեղ գազամուղերից, ինչը լրացուցիչ խթան կարող է լինել այս ոլորտում երկկողմ համագործակցության խորացման համար:

 

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ակտիվացման խնդիրներին՝ այդ թվում ապրանքափոխանակության տարբեր մեխանիզմների ներդրման միջոցով:

 

Զրուցակիցները պայմանավորվեցին կազմակերպել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ԻԻՀ նավթի նախարարությունների միջև տեսակոնֆերանս, որի ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին առնչվող համաձայնագրի դրույթները, և կքննարկեն երկկողմ տնտեսական համագործակցության այլ խնդիրներ: