Հինգշաբթի, 4 Հունիսի 2020 11:07

ԱՐՄԵՆԱԼ-ն ավարտեց փակ ջրապտույտի համակարգի ներդրումը

ԱՐՄԵՆԱԼ-ն ավարտեց փակ ջրապտույտի համակարգի ներդրումը

Արմինֆո. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում է) լիակատար անցում կատարեց փակ ջրապտույտի համակարգին, որի շնորհիվ ձեռնարկության ջրօգտագործումը կրճատվեց գրեթե 90%:

 

Տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում երկու նոր ջրահովարանների գործարկումն ապահովեց տեխնիկական ջրով բոլոր գլանման հաստոնները և ճնշակային տնտեսությունը: Երկու համանման ջրահովարաններն արդեն կիրառվում են ձուլավառարանների և անձույլ գլանման հոսքագծերի համար:

 

- Փակ ջրապտույտի նախագիծն ԱՐՄԵՆԱԼ-ում վերջին տարիներին իրականացված ամենանշանակալի գործերից է: Այն ապահովում է արտադրության 100%-ոց պաշտպանությունը ջրամատակարարման արտաքին խափանումներից՝ նվազագույնի հասցնելով տեխնիկական ջրի սպառումը, - հայտարարեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:

 

Մշակման փուլում իրականացված նախագիծը քննարկվել է բաց լսումների ընթացքում բնության պահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց արդյունքում տրվել է շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության փորձաքննության (ՇՄԱԳ) դրական գնահատական:

 

 

Տեղեկություն գործարանի մասին

ԱՐՄԵՆԱԼ-ը 2000 թվականից ՌՈՒՍԱԼ-ի կազմում է: Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է և Կովկասում ու Կենտրանական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը: Ստեղծվել է 1950 թ. գործարկված Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: