
Արմինֆո. 2020 թվականի հունիսին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջնական որոշում կկայացնի գազի սակագնի վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ավելի վաղ նշել էր, որ սակագնի վրա մեծապես ազդում է գազի աաաարժեքը սահմանին, որը ներկայումս կազմում է 165 դոլար: Նա ընդգծել էր, որ գազի վերաբերյալ ցանկացած պայմանագիր կարող է փոփոխվել, հարցն առնչվում է միայն կողմերի՝ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքական կամքին։
Հայկական կողմն արդեն բազմիցս նշել է ռուսական գազի գնի փոփոխության անհրաժեշտությունը, հաշվի առնելով ռազմավարական հարաբերությունները, կորոնավիրուսի համավարակը եւ ինչպես նավթի, այնպես էլ գազի համաշխարհային գների անկումը։ Դրա հետ համաձայն է նաև բելառուսական կողմը։ Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Մոսկվան մտադիր չէ փոխզիջումների գնալ Եվրասիական տնտեսական միության գործընկերների համար։
"Ինչ վերաբերում է մեր հայ եւ բելառուս բարեկամների կողմից առաջարկվող գազի փոխադրման եւ տարանցման ծառայությունների միասնական սակագնին, ապա մենք կարծում ենք, որ միասնական սակագինը կարող է իրականացվել միայն միասնական շուկայում՝ միասնական բյուջեով եւ հարկման միասնական համակարգով", - մայիսի 19-ին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ Միությունում ինտեգրման նման խորը մակարդակ դեռ չեն հասել։
Միեւնույն ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթնաժողովի մասնակիցներին կոչ էր արել կոնսենսուս գտնել գազի փոխադրման ծառայությունների դմիաց գնագոյացման հարցում, քանի որ "խնդրի արդիականությունը մշտապես աճում է": Մոսկվան պնդում է, որ համաշխարհային պրակտիկայի համաձայն, գազի գները պետք է հաշվի առնեն շուկայական կոնյունկտուրան, մատակարարների ծախսերը եւ ներդրումները, ինչպես նաեւ "ապահովել արդյունահանման մեջ ներդրված կապիտալի շահույթի հիմնավորված նորմը": Այդ պարամետրերի իրագործման միջոցները Պուտինն առաջարկել է ավելի ուշ քննարկել ԵՏՀ-ի և ազգային փորձագետների մակարդակով։ Համանման դիրքորոշում ունեն Ղազախստանն ու Ղրղզստանը։
Մինչդեռ, "Գազպրոմ" ընկերությունում, որն իրականացնում է ռուսական երկնագույն վառելիքի մատակարարումները, կանխատեսել են, որ գազի միջին գինը 2019 թվականին 211 դոլարից կնվազի մինչեւ 133 դոլար: Դրանով իսկ մենաշնորհատերն արձանագրում է շուկայական կոնյունկտուրայի փոփոխություն:
Էներգետիկայի միջազգային գործակալության զեկույցի համաձայն՝ 2020 թվականին սպասվում է գազի նկատմամբ պահանջարկի ուժեղագույն անկում։ Համաշխարհային պահանջարկը, ԷՄԳ-ի տվյալներով, կարող է նվազել 4 տոկոսով կամ 150 մլրդ խմ-ով, ինչը կլինի ամենախոշոր անկումը բնական գազի շուկայի պատմության մեջ: Գազի սպառման վրա ազդել է տաք ձմեռը Հյուսիսային կիսագնդում, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակման միջոցառումները: "Թեեւ սահմանափակման միջոցներն աստիճանաբար հանվում են, մեր կանխատեսումները չեն ենթադրում տնտեսությունների արագ վերականգնում։ Արդյունքում՝ բնական գազի համաշխարհային սպառումը, ըստ մեր գնահատականների, կնվազի 4 տոկոսով։ Դա կանդրադառնա բոլոր տարածաշրջանների վրա, ներառյալ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի եւ Եվրասիայի զարգացած շուկաները, որոնց բաժին է ընկնում 2020 թվականին գազի սպառման 75 տոկոսը", - ասված Է զեկույցում:
Փորձագետները կարծում են, որ 2021 թվականին գազի նկատմամբ պահանջարկը կսկսի աստիճանաբար վերականգնվել, սակայն COVID-19-ը տեւական հետեւանքներ կունենա շուկայի համար: ԷՄԳ-ի գնահատմամբ ՝ մինչեւ 2025 թվականը գազի տարեկան պահանջարկի ծավալը կնվազի 75 մլրդ խմ-ով: Սակայն մինչեւ 2025 թվականը սպասվում է գազի պահանջարկի աճ տարեկան միջինը 1,5 տոկոսով՝ արդյունաբերության հաշվին, որին բաժին կընկնի լրացուցիչ պահանջարկի մինչեւ 40 տոկոսը:
ԷՄԳ-ն ավելի վաղ կանխատեսել էր բոլոր էներգակիրների նկատմամբ պահանջարկի անկում՝ բացի վերականգնվող էներգակիրներից։ ԷՄԳ-ի կանխատեսմամբ ՝ էներգակիրների նկատմամբ պահանջարկը կնվազի 6 տոկոսով%. դա 7 անգամ ավելի է, քան 2008-ի ճգնաժամի ժամանակ։ COVID-19-ի ֆոնին նվազում է նաեւ նավթի նկատմամբ պահանջարկը։
Ուշագրավ է, որ Ռուսաստանը համաձայնել է իջեցնել գները Վրաստանի, Հունաստանի, մի շարք այլ պետությունների համար։ 2020 թվականի առաջին եռամսյակում Եվրոպա մատակարարվող ռուսական գազի միջին գինը (սահմանին) կազմում է մոտ 87 դոլար։ Իսկ Հայաստանի սահմանին, ինչպես արդեն նշեցինք, գազի գինը կազմում է 165 դոլար (գրեթե երկու անգամ ավելի թանկ է, քան Եվրոպայում)։ Ընդ որում, Եվրոպայում ռուսական գազի արժեզրկումը սկսվել էր դեռ կորոնավիրուսի համավարակից առաջ։ 2019 թվականի երրորդ եռամսյակում Եվրոպայում ռուսական գազն արդեն շատ ավելի էժան է եղել, քան Հայաստանում, իսկ 2020 թվականի ապրիլին այն կազմել է մոտ 59 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:
Սակայն այդ բոլոր գործոնները, դատելով բերված տվյալներից (այդ թվում՝ հենց Գազպրոմի), վկայում են ԵԱՏՄ գծով իր գործընկերներից հնրավոր առավելագույնը քամելու Ռուսաստանի մտադրությունների մասին։ Այդ են վկայում նաեւ Բելառուսի հանրապետության հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին հայտարարությունները՝ միայն այն դեպքում, եթե մարվի վերջին պարտքը, որի առկայությունը Մինսկը կտրականապես հերքում է: Հնարավոր է, որ Հայաստանի նկատմամբ էլ կիրառվի հայտնի բանաձևը. գները կնվազեցնենք, իսկ փոխարենը՝ մեկ-երկու հետաքրքիր ձեռնարկություն։