Արմինֆո.2020 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային հավաքագրումները աճել են 2.2% - ով, կազմելով 583.6 մլրդ դրամ՝ չնայած համաճարակի առնչությամբ ստեղծված իրավիճակին: Այդ մասին հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:
Դրա հետ մեկտեղ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հարկային գանձումների աճը հաջողվել է ապահովել նաեւ հարկ վճարողներին վերադարձման ենթակա միջոցների ծավալի ավելացման ֆոնին: Այս համատեքստում Հակոբյանը տեղեկացրել է, որ 2020 թվականի 5 ամիսների ընթացքում հարկատուներին վերադարձվել է, ընդհանուր առմամբ, 47.4 մլրդ դրամ, ինչը 18%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: "2.2% աճի ցուցանիշը, մեծ հաշվով, պայմանավորված է համավարակի տարածման հետևանքներով և հեռու է մեր սպասումներից", - ընդգծել է ՊԵԿ ներկայացուցիչը:
Մասնավորապես, այդ կապակցությամբ նա հադորդել է, որ ապրիլին, որն առավել էական ազդեցություն է ունեցել տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա՝ սահմանափակումների պատճառով, արձանագրվել է ԱԱՀ - ի գծով 16 տոկոս անկում, մայիսին՝ 24 տոկոս, եկամտային հարկի մասով՝ 3 մլրդ դրամով, շրջանառության հարկի մասով՝ 7 տոկոսով, դրա հետ մեկտեղ միայն ապրիլին Հայաստանում 12 հազարով կրճատվել է աշխատատեղերի թիվը։
Ընդ որում, 2020 թվականի առաջին եռամսյակում, ըստ Հակոբյանի, ՀՀ հազար խոշոր հարկատուների կողմից պետբյուջե վճարումներն ավելացել են 11% - ով ՝ հասնելով 245.6 մլրդ դրամի: Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ աճը ապահովվել է ոչ թե 5 առաջատարների հաշվին, այլ բոլոր հարկատուների կողմից հարկային վճարումների հավասարաչափ ավելացման: "Օրինակ, այդ ցուցակում վերջին տեղը զբաղեցրած հարկ վճարողի վճարումներն աճել են 10 տոկոսով։ Դա խոսում է այն մասին, որ այս ժամանակահատվածում տնտեսական ակտիվություն, այնուամենայնիվ, նկատվել է բոլոր ուղղություններով և ճյուղերով", - ասել է նա։