Չորեքշաբթի, 24 Հունիսի 2020 18:18
Ալինա Հովհաննիսյան

Շիրակի մարզում մեկնարկում են Կապսի ջրամբարի եւ ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները

Շիրակի մարզում մեկնարկում են Կապսի ջրամբարի եւ ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները

Արմինֆո. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը՝ Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը, որի բյուջեն կազմում է 60 մլն եվրո:

 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հաղորդման համաձայն,  Կապսի կիսակառույց ջրամբարը Շիրակի մարզում է` Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն. մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում այն հասցնելով 60 մլն. մ3-ի։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։

 

Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կիսակառույց պատվարի կառուցմամբ, առաջին հերթին,  կապահովվի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը, կբարձրանա Շիրակի մայր (12325հա) և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովման մակարդակը։ Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Ջրաչափման հուսալի համակարգի տեղադրման արդյունքում էլ կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։