Արմինֆո. Արմսվիսբանկը տեղեկացնում է, որ 01.07.2020թ-ին ավարտվել է Բանկի AMSWISB2EER8 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը, որը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 1-ից: Արդյունքում, տեղաբաշխվել է տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլն եվրոյի չափով:
Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են. տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 եվրո, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 եվրո, տեղաբաշխված պարտատոմսերի քանակը՝ 50,000 հատ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 3,5%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 5 տարի:
Հատկանշական է, որ վերը նշված պարտատոմսերի տեղաբաշխմանը զուգահեռ Բանկը տեղաբաշխել է 10 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ անվանական ծավալով պարտատոմսերի ևս 2 թողարկում: 01.06.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդային եղանակով հաջողությամբ տեղաբաշխվել է Բանկի դրամային պարտատոմսերի ամբողջ ծավալը, իսկ 03.06.2020թ-ին վաղաժամկետ ավարտվել է դոլարային պարտատոմսերի բաժանորդագրությունը:
Ներկայումս շրջանառվում է Բանկի պարտատոմսերի 11 թողարկում՝ ներառյալ վերջին երեք թողարկումները (5 թողարկումն արտահայտված է ԱՄՆ դոլարով՝ 41 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 3-ը՝ ՀՀ դրամով՝ 18 մլրդ դրամ ծավալով և 3-ը՝ եվրոյով՝ 18 մլն եվրո ծավալով):
Բոլոր պարտատոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում, բացառությամբ վերջին երեք թողարկումների պարտատոմսերի, որոնք ներկայումս գտնվում են ցուցակման փուլում: Պարտատոմսերի իրացվելիության ապահովման նպատակով Բանկը բոլոր թողարկումների գծով օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ: Միաժամանակ, Բանկի կողմից հաջողությամբ մարվել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք թողարկում: