Արմինֆո.Ուսումնական պրոցեսի և մշակութային դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։
Ըստ այդմ՝ կապահովվի կրթական և մշակութային հաստատությունների, առանձին մասնաշենքերի նորոգման/հիմնանորոգման, վերակառուցման, մարզադահլիճի կառուցման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերի կնքումը, արդեն նախաձեռնած գնման գործընթացների (հայտարարված մրցույթների) ամբողջական ապահովումը և արդեն նախագծած շենքերի/մասնաշենքերի նորոգումը/կառուցումը։ Որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թ. հաստատված բյուջեով մի շարք միջոցառումների գծով տնտեսված միջոցներից, ինչպես նաև Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում չեղարկվող միջոցառումների հատկացումներից 1,906,602.2 հազար դրամ վերաբաշխման միջոցով իրականացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար շինարարական և նախագծահետազոտական աշխատանքներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացնելով 51,932.4 հազար դրամ: Նախատեսվում է նաև հատկացնել 60,014.0 հազար դրամ՝ Կարեն Դեմիրճյանի արձանի և պատվանդանի պատրաստման և տեղադրման համար: Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը կնպաստի ուսումնական պրոցեսի առավել արդյունավետ կազմակերպմանը, իսկ մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավումը` ոլորտի արդիականացմանը և զարգացմանը: Բացի այդ, լայնածավալ շինարարական աշխատանքների գործընթացը կստեղծի նոր աշխատատեղեր` մեղմելով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման տնտեսական և սոցիալական հետևանքները: Մասնավորապես, աշխատանքներ են կիրականացվեն 7 քոլեջում, 46 հանրակրթական դպրոցում, 1 մասնագիտական մարզառազմական դպրոցում, 4 թանգարանում, 3 թատրոնում: ԿԳՄՍ նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է թվով 57 կրթական և մշակութային հաստատությունների նորոգման/կառուցման և գույքային և տեխնիկական հագեցվածության բարելավման աշխատանքների ձեռքբերման համար գնման գործընթացը, որոնցից թվով 51 կրթական հաստատության (7 քոլեջ, 14 ավագ դպրոց և 30 հիմնական և միջնակարգ դպրոց) նորոգման աշխատանքների ձեռքբերման համար հայտարարվել է մրցույթ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 1-ին կունենանք ամբողջությամբ նոր 21 նախակրթարան: