
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության և զբաղվածության պրակտիկայի գլոբալ տնօրեն Միխալ Ռուտկովսկու նախագահությամբ կայացել է հեռավար աշխատաժողով՝ նվիրված սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին: Քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, աշխատաժողովի ընթացքում Կառավարության ներկայացուցիչների և Համաշխարհային բանկի ոլորտային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում նպաստների և թոշակների փոխանցման առկա մեխանիզմները, ինչպես նաև անկանխիկ տնտեսություն վարելու մարտահրավերներն ու հնարավորությունները:
Մասնակիցներն ընդգծել են կառավարություն-քաղաքացի վճարումների թվայնացման և ապականխիկացման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը:
Փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը: Նա մասնավորապես կարևոր է համարել այս աշխատաժողովի հիմնական թեման՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով պայմանավորված սոցիալական վճարների փոխանցման հարցը դարձել է առավել քան արդիական:
Քննարկման ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին կառուցողական համագործակցության համար:
RUB | 4.90 | -0.03 |
USD | 377.70 | -0.31 |
EUR | 445.38 | -0.18 |
GBP | 512.84 | -0.80 |
CAD | 276.00 | -0.08 |
JPY | 24.06 | 0.02 |
CNY | 54.43 | -0.03 |
CHF | 485.60 | -0.40 |

