Արմինֆո.Հուլիսի 14-ին Հայաստանի ֆոնդային բորսայում իրականացվել է 60 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի աճուրդ, որը պետական պարտատոմսերի տեղաբաշխման ամենամեծ ծավալն է։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից, աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7․92%, կտրման եկամտաբերությունը՝ 8․08%։ Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է, մարման ժամկետը՝ 10 տարի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։
«AMGB1029A292 տարբերակիչ ծածկագրով պետական պարտատոմսերի աճուրդի ենթակա ծավալը կազմել է 60 մլրդ դրամ, որը բավարարվել է ամբողջությամբ։ Ավելին, պահանջարկը կազմել է ավելի քան 159 մլրդ դրամ, ինչը 166%-ով գերազանցում է առաջարկին։ Այս երևույթը ցույց է տալիս ֆինանսական շուկաների կայունությունը և պետական պարտատոմսերի նկատմամբ վստահությունը», - ասվում է հաղորդագրությունում։
Նաեւ նշվում է, որ աճուրդը տեղի է ունեցել Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի աճուրդների իրականացման նոր համակարգով։ «Այս համակարգը, որի գործարկումը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին, հիմք է հանդիասանալու արժեթղթերի երկրորդային շուկայի, ինչպես նաև DMA` շուկային ուղիղ հասանելիություն ապահովող համակարգի ներդրման համար։
Այս պարտատոմսերը նաև հնարավոր է գնել gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ Որպես հիշեցում՝ gp.minfin.am-ը պետական պարտատոմսերի մանրածածախ վաճառքի հարթակ է, որի օպերատորը Բորսան է։ Այն հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց առցանց և առանց միջնորդի գնել պետական պարտատոմսեր։ 2019 թվականին, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվության, gp.minfin.am հարթակի միջոցով իրականացել է ավելի քան 535 մլն դրամի առևտուր», - նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 10-ամյա երկարաժամկետ AMGB1029A292 պետական պարտատոմսերի թողարկումը կայացել է 2019 թվականի ապրիլի 29-ին՝ 200 մլրդ դրամ թողարկման ծավալով (սա պետական պարտատոմսերի համար նախատեսված առավելագույն ծավալն է), տարեկան 9 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ: Այս 200 մլրդ դրամը տեղաբաշխվել է փուլ առ փուլ և հուլիսի 14-ի դրությամբ արդեն տեղաբաշխվել է 151,297 մլրդ դրամ ծավալը, ներառյալ վերը նշված 60 մլրդ դրամը։ Այդ թողարկման մարումը տեղի կունենա 2029 թվականի հոկտեմբերի 29-ին։
Հայաստանի ֆոնդային բորսան՝AMX-ը, Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Ֆոնդային բորսայի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: