Ուրբաթ, 17 Հուլիսի 2020 14:55
Ալինա Հովհաննիսյան

Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Արմինֆո. Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հայկական պատվիրակությունը Մինսկ էր մեկնել մեկ օր առաջ։ Նիստի աշխատանքներին հայկական կողմից մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 

ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգը ներառում է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներում:

 

Մասնավորապես, գագաթնաժողովում պետք է քննարկվի ապրանքների մակնշման մասին համաձայնագրի իրականացման ընթացքը և Եվրասիական տնտեսական միությունում մակնշման համակարգի հետագա զարգացումը: Օրակարգում է նաև Միության երկրներում COVID-19 վարակի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով առողջապահության և բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում միջոցառումների համալիր ծրագիրը։

 

Նախատեսվում է քննարկել Երկրի հեռավար զոնդավորման հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը:


Դրա հետ մեկտեղ, նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ ագրոարդյունաբերության զարգացման քարտեզը և միության ինդուստրացման քարտեզը։ Երկու նախագծերն էլ նախատեսում են իրականացվող խոշոր նախագծերի մասին տեղեկատվության ամփոփում, ինչը թույլ կտա միության գործընկերներին զարգացման ազգային ծրագրերի և ներդրումային ծրագրերի ձևավորման ժամանակ բացառել արտադրությունների կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները, արդյունավետ օգտագործել միմյանց իրավասությունները: