Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2020 21:30
Կարինա Մելիքյան

IDBank-ը օգոստոսի 27-ին վաճառքի կհանի 5 մլն դոլար ծավալի դոլարային պարտատոմսերի 9-րդ թողարկումը

IDBank-ը օգոստոսի 27-ին վաճառքի կհանի 5 մլն դոլար ծավալի դոլարային պարտատոմսերի 9-րդ թողարկումը

Արմինֆո. IDBank-ը օգոստոսի 27-ին ձեռնամուխ կլինի 5 մլն դոլարի ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի թողարկմանն ու առաջնային տեղաբաշխմանը: ՀՀ ԿԲ կայքում զետեղված այդ թողարկման ազդագրի տվյալների համաձայն, այդ տրանշի սկզբնական տեղաբաշխման ավարտը նախատեսված է նոյեմբերի 26-ին:

IDBank - ի պարտատոմսերի դոլարային թողարկումների շարքում դա կլինի 9-րդը։ Թողարկման ազդագրի համաձայն 'այս թողարկման պարտատոմսերի շրջանառության ժամկետը (AMANLBB2BER9) սահմանվել է 27 ամիս, արժեկտրոնի տարեկան տոկոսադրույքը' 4.75%, արժեկտրոններով վճարման պարբերականությունը' եռամսյակային: Այդ տրանշի շրջանակներում կթողարկվի 50 հազար հատ  անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմս, յուրաքանչյուրի անվանական արժեքը  100 դոլար:  Այս տրանշի պարտատոմսերի մարման ժամկետը լրանում է 2022 թվականի նոյեմբերի 27-ին։ Այդ թողարկման մասին որոշումը IDBank-ի խորհուրդն ընդունել է 2020 թվականի մարտի 20 - ին, իսկ բանկի վարչությունը՝ օգոստոսի 20-ին:

 

Հայաստանի ֆոնդային բորսայի AMX-ի տվյալներով, օգոստոսի 24-ի դրությամբ շրջանառության մեջ է գտնվում IDBank-ի պարտատոմսերի 5 տրանշ' չորս դոլարային' 20 մլն դոլար ընդհանուր ծավալով, եւ մեկ դրամային ' 250 մլն դրամ ծավալով: Այդ տրանշերի մարման ժամկետը լրանում է 2021-2022 թվականներին ՝ երկու դոլարային տրանշերինը՝ 2021 թվականին (հունվար և օգոստոս), իսկ մյուս երկու դոլարային և մեկ դրամային տրանշերինը՝ 2022 թվականին (փետրվար և հոկտեմբեր)։

 

Նշենք, որ IDBank-ն իր պատմության մեջ առաջին անգամ արժեկտրոնային պարտատոմսեր է թողարկել 2016 թվականի դեկտեմբերին, որոնց թողարկման ծավալը կազմել է 5 մլն դոլար, շրջանառության ժամկետը ՝ 2 տարի: IDBank-ի պարտատոմսերի առաջին դոլարային թողարկման ժամանակ տարեկան եկամտաբերությունը կազմում էր 6,5%, իսկ արդեն 2020թ.հուլիսի 22-ին իրականացված 8-րդ թողարկման դեպքում արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվել է 4,75%: Իսկ IDBank-ի պարտատոմսերի դրամային տրանշների դեպքում առաջին թողարկման եկամտաբերությունը (1 մլրդ ծավալով) կազմել է 12,25%, իսկ արդեն երկրորդինը (250 մլն ծավալով) ՝ 9,5%: IDBank-ի բոլոր դոլարային թողարկումների պարտատոմսերը բորսայում գնանշվել են հիմնականում Abond-ի ցուցակում, եւ նույն ցուցակում գնանշվել է առաջին դրամային տրանշը, իսկ արդեն երկրորդ դրամայինը՝ Bbond - ի ցուցակում:

 

Հիշեցնենք, որ IDBank-ը Հայաստանի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից ։ Բանկի բաժնետերերն են կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը' 59,68% բաժնեմասով եւ լիբանանյան CreditBank S. A. L Բանկը ' 40,32%: Անուղղակի մեծամասնական բաժնետերեր են հանդիսանում Tarek J. Khalefe (CreditBank S. A. L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO LTD):