Արմինֆո. Արդշինբանկը սեպտեմբերի 1-ին վաճառքի կհանի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային դրամային 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր, որոնց սկզբնական տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել նոյեմբերի 6-ին:
Ինչպես վկայում է ԿԲ կայքում տեղադրված թողարկման ազդագիրը, այդ թողարկումը նախատեսում է 300 հազար պարտատոմս, յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով, 9,75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ եռամսյակը մեկ վճարման պարբերականությամբ: Այդ թողարկման պարտատոմսերի մարման ժամկետը թվագրվում է 2023 թվականի մարտի 1-ին։
Թողարկման ազդագրի համաձայն, այդ տրանշի թողարկման եւ տեղաբաշխման մասին որոշումը Արդշինբանկի խորհուրդն ընդունել է 2020 թվականի մայիսի 20-ին, իսկ վարչության որոշումը հետեւել է օգոստոսի 20-ին:
Հարկ է նշել, որ դրամային պարտատոմսերի նախորդ տրանշը՝ ևս 3 մլրդ ծավալով և 9,75% արժեկտրոնային եկամտաբերությամբ, թողարկվել է ս. թ. հուլիսի 13-ին և AMX բորսայի ցուցակման ցանկում է օգոստոսի 27-ից:
AMX Հայաստանի ֆոնդային բորսայի օգոստոսի 27 - ի տվյալներով' բորսայում գնանշվում է Արդշինբանկի պարտատոմսերի 8 տրանշ' 2 դրամային' 4.5 մլրդ դրամ ծավալով, եւ 6 դոլարային' ընդհանուր առմամբ 34 մլն դոլարի: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը' 27 եւ 36 ամիս է: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվել է 10.5% եւ 9.75%, իսկ դոլարային պարտատոմսերը' 5,5%, 5,4%, 5,25%, 5% ( ըստ երկու տրանշերի) եւ 4,95%՝ համապատասխանաբար: Ըստ կտրոնի վճարումներն իրականացվում են եռամսյակը մեկ պարբերականությամբ: Դրամային թողարկումների մարման ժամկետը լրանում է 2022 թվականին (հունիսի 10 - ին եւ հոկտեմբերի 13-ին), իսկ դոլարային թողարկումների մարման ժամկետը՝ 2021 թվականին (սեպտեմբերի 3-ին), 2022թ. - ին (հունվարի 10-ին, մարտի 16-ին, հոկտեմբերի 13-ին) եւ 2023թ. - ին (հունվարի 24-ին եւ մարտի 16-ին):
Հիշեցնենք, որ Արդշինբանկն առաջին մասնավոր ընկերությունն է Հայաստանում, որը եվրոպարտատոմսեր է թողարկել կապիտալի միջազգային շուկաներում: 75 մլն ԱՄՆ դոլարի առաջին թողարկումն իրականացվել է 2014 թվականին։ Երկրորդը՝ 100 մլն դոլարի չափով կայացել 2015 թվականի հունիսին։ Իսկ 2020 թվականի հունիսի 30-ին Հայաստանի AMX ֆոնդային բորսայում մեկնարկել են Արդշինբանկի եվրոբոնդերի 300 մլն դոլարի աճուրդները, որոնք թողարկվել են ս.թ. հունվարին Dilijan Finance B. V ընկերության կապիտալի միջազգային շուկայում, եւ այդ եվրոբոնդերը ցուցակված են AMX բորսայի եւ Իռլանդիայի ֆոնդային բորսայի (Euronext Dublin) ցուցակում:
Արմինֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի տվյալներով, 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ Արդշինբանկը սեփական պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալով պահպանում է առաջնությունը՝ 152.6 մլրդ դրամ (316.4 մլն դոլար) կամ շուկայի ընդհանուր ծավալի 43.6% - ը ։ Տարեկան կտրվածքով Արդշինբանկն ապահովել է այդ ցուցանիշի 4,5 անգամ աճ, ընդ որում տպավորիչ աճ է արձանագրվել ընթացիկ տարվա առաջին կեսին՝ դոլարային պարտատոմսերի խոշոր տրանշի տեղաբաշխման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Արդշինբանկը հիմնադրվել է 2003թ.: 2020թ.հուլիսի 1-ի դրությամբ Արդշինբանկի մեծամասնական բաժնետերերն են "Արինս Գրուպ" ՍՊԸ - ն (նախկինում կոչվում էր "Բիզնես ներդրումների կենտրոն" ՍՊԸ)' 67,97% կապիտալում, եւ "Ռեգիոն արդյունաբերա-ֆինանսական կորպորացիա" ՓԲԸ-ն' 29,52%: Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկերից է ' մասնաճյուղերի լայն ցանցով եւ շարժական բանկինգի ժամանակակից հնարավորություններով: Բանկն ունի Moody ' s և Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների վարկանիշ, որը համապատասխանում է Հայաստանի երկրի վարկանշային մակարդակին: Տարբեր ժամանակներում տարբեր մասնագիտական ամսագրեր եւ վերլուծաբաններ բանկը ճանաչել են Հայաստանի լավագույն բանկ, տարվա բանկ եւ ամենահուսալի բանկ: