Արմինֆո. Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաեւ լավ լուրեր: Կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2020թ. հունվար-հուլիսին Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով. արտահանվել է 5.5 միլիոն դոլարի արտադրանք:
<Կարեւոր նրբությունն այստեղ այն է, որ արտահանվող արտադրանքը հիմնականում արտադրվում է ջերմոցային տնտեսություններում:
Այսինքն՝ մի կողմից գործ ունենք ջերմոցային տնտեսությունների զարգացման հետ, մյուս կողմից էլ այստեղ արտադրվող բերքը կախվածության մեջ չէ եղանակային պայմաններից եւ ինչպես առիթ եմ ունեցել նշելու, այստեղ տնտեսվարողը ոչ թե սպասում է, թե ինչքան բերք կլինի այս տարի, այլ պլանավորում է, թե ինչքան է իրեն անհրաժեշտ եւ արտադրում է ուղիղ այդքան:
Նույն տրամաբանությամբ՝ սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումը աճել է 62 տոկոսով. արտահանվել է 3.2 միլիոն դոլարի արտադրանք: Աճել է նաեւ ծաղիկների արտահանումը՝ 16.9 տոկոսով: Արտահանվել է 3.9 միլիոն դոլարի արտադրանք:
Ջերմոցային ամենաարտահանելի արտադրանքը շարունակում է մնալ լոլիկը. հունվար հուլիսին արտահանման ծավալն աճել է 18.5 տոկոսով, արտահանվել է 23.5 միլիոն դոլարի արտադրանք>,- գրել է նա։
Նշենք, որ ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների ՝ 2020թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 19.9 հազ.տոննա թարմ կամ սառեցված լոլիկ, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից բարձր է 19.9% - ով։ Ընդ որում մաքսային արժեքն աճել է 33.9% - ով ՝ կազմելով 21.7 մլն դոլար։ Հայկական լոլիկի արտահանման հիմնական մասը (99.6%) բաժին է ընկնում ռուսական շուկային:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |