Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2020թ. սեպտեմբերի 22-25-ը դոլարային գործարքների ծավալն կրճատվել է 34,8%-ով' նախորդ շաբաթվա 55,6% աճից հետո (սեպտեմբերի 14-18): Դրան զուգընթաց՝ արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարային գործարքների անկում է դիտվել, եվրոյով գործարքներում դիտվել է առքի անկում՝ վաճառքի աճի դանդաղման պայմաններում, իսկ ռուբլով գործարքներում առքի աճը դանդաղել է՝ վաճառքի աճի պայմաններում: Բորսայի արտարժութային հարթակը շարունակում է դատարկ մնալ։ Արդյունքում՝ սեպտեմբերի 22-25-ն ընկած ժամանակահատվածում դրամը դոլարի նկատմամբ արժեվորվել է՝ 485,5-ից մինչեւ 485 դրամ/1դոլար, պահպանելով նույնպիսի միտում եվրոյի նկատմամբ՝ 575,5-ից մինչև 565,5 դրամ/1եվրո, ընդ որում, ռուբլու նկատմամբ նույնպես դրսեւորելով արժեվորման միտում՝ 6,5-ից մինչեւ 6,3 դրամ/1ռուբլի։ Մեկ տարի առաջ՝ 2019թ. սեպտեմբերի 25-ի դրությամբ, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 476 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 523 դրամ/1եվրո, ռուբլու նկատմամբ՝ 7,5 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ ցույց է տալիս դրամի տարեկան արժեզրկումը դոլարի և եվրոյի նկատմամբ ՝ ռուբլու նկատմամբ արժևորման դեպքում։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում (2020թ. սեպտեմբերի 22-25-ը) արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել է 10.850 մլն դոլարի գործարք' 485,64 դրամ/1դոլար միջին կշռված փոխարժեքով (նախորդ ժամանակաշրջանի 485,18 դրամ/1դոլարի դիմաց): Արտարժույթի միջբանկային շուկան, հաշվետու շաբաթվա ընթացքում աշխատելով ամեն օր (բացի տոնական երկուշաբթին), գործարքների ծանրակշիռ ծավալով աչքի է ընկել հինգշաբթի օրը՝ 4.8 մլն դոլար ծավալով: Դրան զուգընթաց՝ արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 22-25-ը նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ (սեպտեմբերի 14-18-ը) դոլարի առքուվաճառքի թրենդը փոխվել է 15,8-3,5% աճից 5,6- 1% անկման, եվրոյի առքը ծավալվել է 53,5% աճից դեպի 20,3% անկում՝ վաճառքի աճի 11%-ից մինչեւ 8,2% դանդաղման դեպքում, իսկ ռուբլու առքի աճը դանդաղել է 16,7%-ից մինչեւ 2,7%՝ վաճառքի վեկտորի 2,1% անկումից մինչեւ 72,7% աճ շրջադարձի պայմաններում: Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում գնվել է 91.4 մլն դոլար' 484,26 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 19.2 մլն եվրո՝ 566,35 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, և 1.4 մլրդ ռուբլի՝ 6,33 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել ՝ 86.7 մլն դոլար՝ 486,38 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 18.5 մլն եվրո՝ 571,26 դրամ/1եվրո միջին փոխարժեքով, և 1.9 մլրդ ռուբլի՝ 6,38 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:
Ըստ աղբյուրի, ս. թ. սեպտեմբերի 14-20-ը հայաստանյան բանկերը տրամադրել 99.4 մլրդ դրամի և 39.6 մլն դոլարի վարկեր: Նախորդ ժամանակաշրջանի համեմատ (սեպտեմբերի 7-13-ը) դրամային վարկերի թրենդը ծավալվել է 6,6% անկումից մինչեւ 2,1 անգամ աճ, իսկ դոլարային վարկերի գծով, հակառակը, 2,2 անգամ աճը փոխարինվել է 48,4% անկմամբ: