Չորեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2020 13:50
Մարիաննա Մկրտչյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար

Արմինֆո. «Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1մլն 100 հազար ԱՄՆ դոլար գումար:

 

<Այս գումարից 932.892 ԱՄՆ դոլարը հանգանակել և Հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, իսկ 100.000–ը Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը, մնացած գումարը՝ 67.108 ԱՄՆ դոլար, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից:

 

Բոլոր դեպքերում նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ինչը և իրականացվել է:

 

Հիմնադրամը կշարունակի աջակցել նաև վիրավոր զինծառայողների բուժման և առողջության վերականգնման տարբեր ծրագրերին ։

 

Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է հայրենիքին սատարման և արցախցիներին օգնելու նպատակով դրամահավաքները: Վերջինն Արգենտինայում մի քանի օր առաջ մեկնարկած Ֆոնեթոնն էր, որի արդյունքները շուտով կամփոփվեն>,- նշվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ <Հայաստան> համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված 52,7 մլրդ դրամի ֆինանսական միջոցները փոխանցվել են Հայաստանի կառավարությանը: Ըստ աղբյուրի, այդ միջոցներն ուղղորդվել են մարտական գործողությունների հետևանքով տուժած ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև տուժածների բուժմանն ու սոցիալական ապահովությանը: Պետական բյուջե գումարի փոխանցումը հնարավորություն է տվել կառավարությանը ազատել ռազմական դրության հետ կապված ծախսերի լրացուցիչ միջոցներ։ Սեպտեմբերի 17-ից նոյեմբերի 19-ը նման ծախսերի անհրաժեշտությունը կազմել է 101 մլրդ դրամ։  <Հայաստան> համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին մարտական գործողությունների սկսվելուց ի վեր <Մենք ենք մեր սահմանները> ծրագրի շրջանակներում կազմակերպել էր համազգային դրամահավաք: Նախագծի շրջանակներում հաջողվել է հավաքել 170 մլն դոլար։

 

Նշենք, որ հիմնադրամի նվիրաբերած նվիրատվությունները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել փորձագիտական հանրության շրջանում՝ հատկապես պետական ապարատի աշխատակիցների համար պարգեւավճարների մասին հաղորդագրությունների ի հայտ գալուց հետո: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գտնում է, որ <Հայաստան> համահայկական հիմնադրամը, կանոնադրության համաձայն, իրավունք չուներ միջոցներ փոխանցել պետբյուջե. Հիմնադրամը կարող է ծախսեր կատարել միայն կանոնադրական նպատակների ուղղություններով: Տնտեսագետն ընդգծել է, որ ոչ ՀՀ բյուջեի դեֆիցիտի ծածկույթը, ոչ ռազմական ծախսերը չեն վերաբերում այդ կատեգորիային։