Հինգշաբթի, 17 Դեկտեմբերի 2020 17:17

Փորձագետներ. Պատերազմը միայն բարդացրեց Հայաստանի գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության բնագավառի ծանր իրավիճակը  

Փորձագետներ. Պատերազմը միայն բարդացրեց Հայաստանի գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության բնագավառի ծանր իրավիճակը   

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններն ու տարածքային կորուստները միայն բարդացրել են իրավիճակը Հայաստանի գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության ապահովման բնագավառում։ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել անկախ փորձագետ, գյուղատնտեսության նախկին նախարար Գագիկ Պետրոսյանը։ Նա նշել է, որ ճյուղի խնդիրները կուտակվել են տարիներ շարունակ, և այն, որ ոլորտը վատ վիճակում է հայտնվել, չի կարելի համարել վերջին 2-3 տարիների աշխատանքի արդյունք։

 

Այս կտրվածքով փորձագետն առանձնացրել է մի քանի լուրջ սխալներ, որոնք թույլ են տվել ինչպես գործող, այնպես էլ նախորդ կառավարությունները։ Նրա համար անհասկանալի են ներկայիս կառավարության կողմից Գյուղատնտեսության նախարարության վերացման եւ նրա գործառույթներն Էկոնոմիկայի նախարարությանը փոխանցման դրդապատճառները, ինչի արդյունքում ճյուղի կառավարումը լրջորեն թուլացել է, և շատ մասնագետներ, որոնք կարող էին օգտակար լինել բարեփոխումների իրականացմանը հայտնվել են գործից հեռու:

 

Հաջորդ չլուծված հարցը մնում է գյուղատնտեսության արտադրանքի արտահանման, լոգիստիկ ուղիների կազմակերպման և ռուսական շուկա արտադրանքի արտահանման ուղղությամբ արհեստական խոչընդոտների չեզոքացման ոլորտում անբավարար աշխատանքը։ Անբավարար է աշխատանքը նաև հայկական գյուղմթերքի և գինեգործության սպառման շուկաների առավել դիվերսիֆիկացման առումով։

Դրա հետ մեկտեղ, պետությունն այդպես էլ չկարողացավ լուծել խաղողի մթերման գործընթացների ու ընթացակարգերի հետ կապված խնդիրը, ինչի պատճառով շատ գինու, օղու, մթերող ձեռնարկություններ, բացի 1-2-ից, օգտվելով շուկայում գերիշխող դիրքից, փաստորեն, գյուղացիական տնտեսություններին պարտադրում են մթերման իրենց ցածր գները՝ երբեմն պարտադրելով խաղողագործներին անգամ վնասով աշխատել։ Ճյուղը կարգավորելու փոխարեն պետությունը "մարում է հրդեհները", մթերողներին տրամադրելով "զրոյական վարկեր"՝ իրենց բարձր շահույթ ստանալու պայմաններում։

 

Արտահանման առումով, ըստ մասնագետի, պետությունը պետք է մտածի հայ փոքր և միջին արտադրողների արտահանման ներուժին աջակցության մասին, քանի որ խոշոր խաղացողները, չնայած ծախսերին, այնուամենայնիվ, ի զորու են հաղթահարել խոչընդոտները: "Իսկ թե ինչպես արտահանեն իրենց արտադրանքը միջին և փոքր արտադրողները, ոչ ոք չի մտածում։ Իսկ առանց հաստատված արտահանման մատակարարման՝ իրենց հստակ լոգիստիկայով, փոքր արտադրողները չեն կարող գոյատեւել, էլ չենք խոսում աճի մասին՝ տեղական փոքր սահմանափակ շուկայի շրջանակներում ", - նշել է փորձագետը:

 

Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի հետ պատերազմում պարտությունը, անկասկած, իր լուրջ սրբագրումները կբերի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում։ Սա, իհարկե, առաջին հերթին, արոտավայրերի կորուստն է, որոնցից շատերը խորհրդային շրջանի սահմաններից դուրս էին, իսկ ընթացիկ վարելահողերի կորուստը: Այսպիսով, Հայաստանը կզրկվի հացահատիկային մշակաբույսերի սեփական բերքի մի մասից և, առաջին հերթին, կսահմանափակվի արոտավայրային անասնապահության զարգացման հնարավորությունը, ինչը հարկ կլինի ծածկել ներմուծման հաշվին։

 

Այնուամենայնիվ, մասնագետի կարծիքով, այդ կորուստները կարող են մարտահրավերներ դառնալ, որոնք հնարավոր է հաղթահարել գյուղատնտեսական արտադրության ինտենսիվացման, արտադրողականության բարձրացման, հիմնական միջոցների արդիականացման, ինչպես նաեւ վարելահողերի ավելացման միջոցով, հաշվի առնելով, որ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 35 տոկոսը, պարզապես, չի մշակվում: Պատճառը՝ խթանների բացակայությունն է, որոնք պետք է ստեղծի պետությունը։ "Ցավոք, պետությունը մինչ օրս չի կարողանում կողմնորոշվել ագրարային ոլորտում իր քաղաքականության հարցում եւ, փաստորեն, ոչ մի կերպ չի աջակցում իր գյուղատնտեսական արտադրողին", - նշել Է Պետրոսյանը: