
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է վերանայել գյուղատնտեսության ոլորտում հարկային քաղաքականությունը: Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ ագրոոլորտում գործում է 20 տոկոս ԱԱՀ, ինչը խոսում է այն մասին, որ օրինական դաշտում ֆերմերները ի վիճակի չեն զարգացնել խոշոր գյուղատնտեսությունը: Քերոբյանն այդ առնչությամբ նշել է, որ նման հարկային ռեժիմի պատճառով վերջիններս հայտնվում են խիստ անհավասար պայմաններում։ Նա նշել է, որ մարդիկ պետք է աշխատեն ազատ եւ հարկեր վճարեն համաչափ եւ տրամաբանական՝ առկա իրողությունների պայմաններում:
"Հայաստանի գյուղատնտեսությունը միկրո չափերի է։ Յուրաքանչյուր ֆերմեր ունի առանձին տարածքներ՝ 1 կամ 2 հա: Այսինքն, արդյունքում, գյուղացին ստիպված է ավելի շատ ներդրումներ անել, բայց պակաս ստանալ", - ասել է նա։
Նախարարը տեղեկացրել է, որ գերատեսչությունը նախատեսում է բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել գյուղերում, ինչը հնարավորություն կտա գյուղացիներին հեռանալ ագրարային գործունեությունից և անցնել այլ աշխատանքների: Մասնավորապես, նա նշել է, որ խոսքը վերաբերում է զբոսաշրջային օբյեկտների զարգացմանը, ծրագրավորմանը, տեքստիլ արտադրությանը, հեռավար աշխատանքի կենտրոնների ստեղծմանը եւ այլն:
Ըստ Քերոբյանի, գյուղատնտեսությամբ զբաղվելու է գյուղացիների 15-20 տոկոսը, սակայն նրանք արդեն կզարգացնեն խոշոր գյուղատնտեսությունը, այդ թվում կոոպերացիոն տնտեսությունների ստեղծման, իրենց համագյուղացիներից հողերի վարձակալության միջոցով: