
Արմինֆո. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 19-ին տեսակապով հանդիպում է ունեցել <Հյուսիս-հարավ> ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի (46,2 կմ) կապալառու կազմակերպության՝ չինական <Սինոհիդրո-Քորփորեյշն> ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Փան Ջինրենի հետ։
Կողմերը քննարկել են Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր, կարևորել ծրագրի շարունակականության ապահովումը։
Իր խոսքում նախարար Պապիկյանը շեշտել է շինարարական աշխատանքներին տեմպ հաղորդելու և բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։ Խոսելով մարդկային և տեխնիկական ռեսուրսների համախմբման կարևորությունից՝ նախարարը նշել է, որ համավարակով պայմանավորված խոչընդոտները հաղթահարելի են, և չինացի շինարարների համար ապահովված են աշխատանքային անհրաժեշտ պայմանները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող տեխնիկական և ֆինանսական հարցերին, պատրաստակամություն հայտնել դրանք կարգավորել համատեղ ջանքերով և կառուցողական մթնոլորտում։
Հիշեցնենք, որ չինացի շինարարներն ավելի վաղ COVID – 19-ի պատճառով դադարեցրել էին իրենց մասնակցությունը նախագծին: Հայաստանի կառավարությունը որոշ պահանջներ ուներ չինացի կապալառուների կողմից կառուցված ճանապարհի որակի վերաբերյալ։ 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ կառուցվել և արդիականացվել է 31 կմ հատվածը, ինչի համար ծախսվել է 70 մլն դոլար: Մնացած գումարն ուղղվել է Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածներում հողային աշխատանքներ իրականացնելու համար: Կատարվել են նաեւ 11 կմ ճանապարհահատվածի բետոնապատման աշխատանքներ: