
Արմինֆո. Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։
Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։
Ըստ այդմ՝ կփոխատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրող շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1–ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։
Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։
Նշենք, որ նախորդ տարի Հայաստանի խորհրդարանը ընդունել էր Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ 36 բնակավայրեր ծրագրում ընդգրկելու մասին օրենք: Օրենքը նախատեսում է էլեկտրաէներգիայի ծախսերի 50 տոկոսի (մինչեւ ամսական 1450 կՎտ/ժ) բնական գազի (մինչեւ 360 խորանարդ մետր), ոռոգման ջուր (առանց սահմանափակումների) փոխհատուցում: Բացի այդ, տվյալ շրջանների բնակիչներն ամբողջությամբ ազատվել են հողիհարկի եւ գույքահարկի վճարումից մինչեւ 2024 թվականը: Իսկ ավագ դպրոցի աշակերտներին դասագրքերը տրվում են կամ անվճար, կամ 50% մասնակի փոխհատուցմամբ։