Երկուշաբթի, 12 Ապրիլի 2021 17:23
Նաիրա Բադալյան

Փորձագետ. ԿԲ նախաձեռնությունը՝ ահազանգ "փողի պարկերին" կամ կյանքը մանրադիտակի տակ  

Փորձագետ. ԿԲ նախաձեռնությունը՝ ահազանգ "փողի պարկերին" կամ կյանքը մանրադիտակի տակ   

Արմինֆո. "Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծելու մասին Հայաստանի Կենտրոնական բանկի օրենսդրական նախաձեռնությունից զգուշանում են միայն նրանք, ում դունչը փետրոտ է: Հայեցակարգն, առաջին հերթին, կոչված է ապահովելու դրամական միջոցների շարժի թափանցիկությունը, և բարեկանոն քաղաքացիները պետք է միայն ողջունեն այդ նախաձեռնությունը", - ԱրմԻնֆոյի հետ զրույցում հայտարարել է հայտնի տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

 

Մեկ շաբաթ առաջ ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը,  խորհրդարանում ներկայացնելով այս օրենսդրական նախաձեռնությունը, նշել է, որ նման ռեեստրի ներդրման անհրաժեշտությունը բխում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաշխարհային չափանիշներից: Հետագայում այդ փոփոխությունները, նրա խոսքով, թույլ կտան զարգացնել նորարարական գաղափարներ ՝ կապված քաղաքացիների բանկային հաշիվների ավտոմատացման, էլեկտրոնային փողերի ներդրման եւ այլնի հետ:

 

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը կոշտ քննադատության է ենթարկել այդ գաղափարը, հայտարարելով, որ ԿԲ-ի մասին օրենքում փոփոխությունների ընդունումից հետո չի բացառվում երկրից խոշոր ներդրումների հնարավոր արտահոսքը։ "Անունը դնում են «կոռուպցիայի դեմ պայքար», և սուզվող երկրի գլխից ևս մի ծանր գործիքով սեղմում դեպի հատակը: Դա բավարար չէ, մի բան էլ լրացնում են, թե իբր` «...նորարարական գաղափարների...» համար հող ենք նախապատրաստում: Հետաքրքիր է, որ գաղափարների` տոտալ գլոբալիստակա՞ն... Իսկ երկրի ֆինանսական անվտանգությու՞նը, իսկ բանկային գաղտնի՞քը, իսկ մասնավոր բանկերի ինքնուրույնությունն ու նրանց տարածաշրջանային մրցունակության ապահովումը: Սրանք անպետք և անկարևոր գործառույթներ ե՞ն: Ժամանակին տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածվելու հավակնություններ կային, ի՞նչ եղան" - նշել է Ճշմարիտյանը, հավելելով,  որ Հայաստանը հեռու է եվրոպական կենսամակարդակից, եւ այդ պատճառով "կարիք չկա պարբերաբար փորձել սեփական արտադրության «Երազ»-ի վրա «Ռոլս Ռոյսի» շարժիչ հարմարեցնել"։

 

Սակայն, ըստ Ատոմ Մարգարյանի, որպես կատարելություն, բոլոր ֆինանսական հոսքերը պետք է "տեսանելի" լինեն իրավապահ մարմինների համար, և անհրաժեշտության դեպքում ՝ գտնվեն հարկայինների տեսադաշտում։ "Այն դեպքում, եթե կողմերից մեկը խախտի օրենքը ՝ չարաշահի իր լիազորությունները, չապահովի հաճախորդների բանկային հաշիվների մասին տեղեկությունների պահպանումը եւ այլն, այդ ժամանակ արդեն օրենքը պաշտպանելու է Բանկի Հաճախորդի իրավունքները", - պարզաբանել է նա:

 

Փորձագետը խորհուրդ է տալիս չվախենալ կապիտալի եւ ներդրումների արտահոսքից։ Յուրաքանչյուր ներդրող, նրա համոզմամբ, պետք է հասկանա, որ իր ֆինանսներն ուսումնասիրվելու են "մանրադիտակի տակ", եւ նրան, պարզապես, անհրաժեշտ է հիմնավորել միջոցների էթիոլոգիան: "Թե չէ ստացվում է այնպես, որ գործող կամ նախկին պաշտոնյան հանկարծ մեկ միլիոն դոլարով տուն է կառուցում, վիթխարի միջոցներ է ներդնում իր բիզնեսում, եւ ոչ ոք իրավունք չունի նրան հարցնել, թե որտեղից այդ գումարը ողջ կյանքում պետության համար աշխատած մարդու մոտ, - հայտարարել Է Մարգարյանը:

Այս համատեքստում, ինչպես կարծում է տնտեսագետը, կարգավորողի նման նախաձեռնությունները պետք է ողջունել, իսկ սովորական քաղաքացիները, որոնք առաջին անհրաժեշտության դեպքում կարող են հիմնավորել իրենց եկամուտների աղբյուրը, պետք չէ ավելորդ անգամ ռեֆլեքսավորվել։ Իսկ նրանց, ովքեր չեն կարող հաստատել իրենց եկամուտների օրինականությունը, Մարգարյանն առաջարկում է "փող տալով ազատվելու" հնարավորություն տալ։ Օրինակ ՝ ապօրինաբար կուտակածի մեկ երրորդը վճարել բյուջե, մնացած մասը ներդնել բաժնետիրական բիզնեսում, որտեղ բաժնետոմսերի մի մասի սեփականատեր է լինելու պետությունը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ վերը նշված նախաձեռնությունը կապված է նախորդ ամիս ուժի մեջ մտած ԵՄ - Հայաստան գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ: Այն վերաբերում է Եվրոպական միության այսպես կոչված "AML (Anti-Money Laundering Directive)" հինգերորդ դիրեկտիվին, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 10-ին: Սա փողերի լվացման փորձերը կանխելու նոր միջոց է, այդ թվում' կրիպտոարժույթների ծառայությունների  շուկայի, փոխանակման կետերի եւ բորսաների միջոցով:

 

Որոշ փորձագետների կարծիքով ՝ այս դիրեկտիվը կարող է վախեցնել զարգացող երկրներում փողեր լվացող ներդրողներին։ Սակայն, մյուս կողմից, տնտեսությունների և ներդրումային միջավայրի վիճակի տեսանկյունից՝ ԵՄ-ի հետ ասոցիատիվ հարաբերությունների մեջ մտնող երրորդ երկրները, այնուամենայնիվ, զարգացման լրացուցիչ, թեեւ, ոչ այնքան "օրինական" խթանների կարիք ունեն։