Արմինֆո.Դրամի մոտալուտ արժեզրկման կանխատեսումները տնտեսական հիմք չունեն և հետապնդում են մեկ նպատակ՝ մեծ թվով բնակչության շրջանում դժգոհություն հարուցել։ Ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Պապոյանի ասելով, մի քանի օր առաջ ամերիկյան արժույթն օբյեկտիվորեն թանկացել է, եւ՝ ոչ միայն հայկական դրամի, այլեւ մի շարք այլ արժույթների նկատմամբ։ Սակայն "որոշակի շրջանակներ" սկսել են խուճապ սերմանել, որպեսզի այդպիսով լրացուցիչ դժգոհություն առաջացնեն բնակչության շրջանում։ "Դրանք, հիմնականում, նախկին պաշտոնյաներ են, որոնք զրկվել են իրենց պաշտոններից այն բանից հետո, երբ մենք իշխանության եկանք։ Նրանք այսօր, ինչպես եւ նախկինում, շարունակում են աշխատել հայկական պետության դեմ", - հայտարարել է "իմքայլականը", հավելելով, որ իշխանությունների համոզմամբ, չկա ամերիկյան արժույթի փոխարժեքի բարձրացման օբյեկտիվ հիմք եւ դոլարներով համալրվելու անհրաժեշտություն. դա, ավելի շուտ, վարքագծային մակրոտնտեսության արդյունք է: "Այսօր պետության գործուն միջամտության, այդ թվում, ԿԲ-ի միջամտության արդյունքում դոլարի փոխարժեքը սահմանվել է 519 դրամի մակարդակում", - ասել է պատգամավորը՝ քաղաքացիներին կոչ անելով ֆինանսատնտեսական որոշումներ կայացնելիս կողմնորոշվել պաշտոնական տեղեկատվությամբ եւ այսուհետ տեղի չտալ որոշակի մարդկանց սադրանքներին, որոնց նպատակն "իշխանությունը վերազավթելն է":
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Հայաստանի Կենտրոնական բանկը ընթացիկ տարում երկրորդ անգամ հայտարարել է արժութային շուկայում ինտերվենցիաներ իրականացնելու մտադրության մասին ' ֆինանսական հատվածի բնականոն գործունեությունն ապահովելու համար: Ինտերվենցիաներով արժութային շուկա մտնելու մտադրության մասին Կենտրոնական բանկի նախորդ հայտարարություններն արվել են 2020 թվականի նոյեմբերի 24-ին եւ դեկտեմբերի 15-ին, 2021 թվականի հունվարի 13-ին:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2021 թվականի հունվարին ՀՀ Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում կատարել է ընդհանուր առմամբ 46.8 մլն դոլարի ինտերվենցիաներ' ամբողջությամբ վաճառքի գծով: Ողջ 2020 թվականի ընթացքում ԿԲ-ն, ընդհանուր առմամբ, 328.750 մլն դոլարի ինտերվենցիաներ է իրականացրել, որոնցից 90.9 մլն դոլարի առքի (հունվար - փետրվար եւ ապրիլ) եւ 237.850 մլն դոլարի (մարտ-ապրիլ, նոյեմբեր-դեկտեմբեր) վաճառքի գծով: Եվ եթե հունվար-փետրվար ամիսներին արտարժույթի շուկայում ինտերվենցիաները բացառապես առքի գծով էին, իսկ մարտին՝ միայն վաճառքի, ապա ապրիլին ԿԲ-ն գործառնություններ է իրականացրել թե առքի, թե վաճառքի գծով (վաճառքի ծավալը գրեթե 2 անգամ գերազանցել է առքի ծավալը՝ 57 մլն դոլար՝ 33.1 մլն դոլարի դիմաց), իսկ նոյեմբեր-դեկտեմբերին ԿԲ-ն գործառնություններ է իրականացրել միայն վաճառքի գծով՝ 110.850 մլն դոլար ծավալով: Մայիս-հոկտեմբեր ամիսներին ԿԲ-ն գործառնություններ չի իրականացրել: