Արմինֆո.2021 թվականի ընթացքում պղնձի համաշխարհային շուկայում գների ներկայիս բարձր մակարդակի պահպանումը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսական աճի վրա։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Ինչպես նշել է փորձագետը, երկուշաբթի ՀՀ ԱՎԾ-ն կհրապարակի Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ հունվար-մարտ ժամանակահատվածի համար: «Շտապեմ ասել, որ տնտեսական ակտիվության երկու ամիսների կուտակային -6.7% անկման ցուցանիշը մարտ ամսով կբարելավվի: Դա նաև տեսանելի է ստորև բերված գրաֆիկներին նայելիս (գյուղատնտեսությունը ներառված չէ քանի որ այս ճյուղի համար ամսեկան ցուցանիշներ ԱՎԾ-ն չի հրապարակում ), որտեղ ակնհայտ է, որ միայն բազային էֆֆեկտով բոլոր ճյուղերում դիտվելու է բարելավումներ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ անցած տարվա մարտ-մայիս ամիսների լոքդաունի ֆոնի համեմատ ներկայիս ավելի ակտիվ կյանքը հանգեցնելու է դրան (դա նաև աչքով է տեսանելի): Ընդ որում սա միայն Հայաստանին ներհատուկ երևույթ չէ, այլ նույն տենդենցն է ընթանում աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Այլ հարց է թե մենք ինչ արագությամբ ենք վերականգնվում աշխարհի և տարածաշրջանի համադրելի երկրների համեմատ և տարին ինչ տնտեսական աճով կամփոփենք: Ներկայիս իրավիճակը և միտումները հուշում են, որ այդ աճը կլինի 1-2%-ի շրջակայքում: Առայժմ այդ կարծիքին են նաև ԱՄՀ-ն և ՀՀ ԿԲ-ն: Հ.Գ. Երկու արտածին գործոններ կարող են դրական ազդել այս ցուցանիշի վրա և քաշել վերև, առաջինը դա պղնձի համաշխարհային գների ներկայիս բարձր մակարդակի շարունակական պահպանումն է տարվա ընթացքում (ներկայումս 2020թ-ի միջին գների համեմատ կա շուրջ 40% աճ), երկրորդը գալիք ընտրությունների ընթացքն է. Եթե նախընտրական քարոզարշավն ընթացավ բավականին աշխույժ բոլոր տարածաշրջաններով, դա ևս տնտեսական ակտիվություն կավելացնի (բայց դա կլինի պահային գործոն և ոչ պերմանենտ): Մնացեք Խաղաղությամբ», - գրել է ֆինանսների նախկին նախարարը:
Նշենք, որ Fitch Solutions-ի համաձայն ՝ 2021 թվականին գրեթե բոլոր հանքանյութերի եւ մետաղների գները միջին հաշվով կաճեն տարեկան կտրվածքով։ Ինչպես ասված Է Fitch-ի հաշվետվության մեջ, հանքարդյունաբերության եւ մետալուրգիական արդյունաբերության գործունեությունը կբարելավվի 2021 թվականին այն բանից հետո, երբ 2020 թվականին ոլորտում զգալի խախտումներ են տեղի ունեցել կառավարության կողմից սահմանված մեկուսացման միջոցառումների եւ աշխատանքի պաշտպանության եւ տեխնիկայի անվտանգության ավելի խիստ արձանագրությունների պատճառով: Դա հատկապես բնորոշ է պղնձի շուկային, նշում են փորձագետները։
Նկատենք, որ Հայաստանի ՀՆԱ աճը 2021 թվականի վերջին, ըստ հաստատված պետբյուջեի, կկազմի 3,2 տոկոս։ Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի համար 2021 թվականին կանխատեսում է ՀՆԱ-ի 1 տոկոս աճ ՝ 2022 թվականին մինչև 3,5 տոկոս արագացմամբ, Համաշխարհային բանկը 2021 թվականին ակնկալում է ՀՆԱ-ի 3,4 տոկոս աճ ՝ նախկինում ակնկալվող 3,1 տոկոսի դիմաց, Fitch-ն ակնկալում է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 3,2 տոկոս իրական աճ: ԵԱԶԲ-ի կանխատեսումը բազային սցենարով կանխատեսում է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 3,8 տոկոս աճ, իսկ Հայաստանի Կենտրոնական բանկը 2021 թվականին կանխատեսում է 1,4 տոկոս աճ: