Չորեքշաբթի, 19 Մայիսի 2021 15:12
Նաիրա Բադալյան

Կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը՝ «1000 դրամների հիմնադրամ» դրոշմանիշային վճարի մասով

Կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը՝ «1000 դրամների հիմնադրամ» դրոշմանիշային վճարի մասով

Արմինֆո.ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին քննարկեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ ներկայացված լրամշակված տարբերակում փոփոխվել են անհատ ձեռնարկատերերի համար դրոշմանիշային վճարի սահմանված տարեկան գումարի չափերը:

 

Նախկինում մինչեւ 1,2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարում էին 18 000 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է 18 000 դրամ վճարել մինչեւ 2,4 մլն հաշվարկման բազայի դեպքում: 2,4-6 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում առաջարկվում է 66 000 դրամի փոխարեն սահմանել 24 000 դրամ: 6-12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում գործող կարգավորմամբ նախատեսված էր 102 000 դրամ, նախագծով առաջարկվում է սահմանել 48 000 դրամ: 12 մլն դրամ եւ ավելի գումարի դեպքում նախատեսված 180 000 դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 12 000 դրամ:

 

Մանրամասն ներկայացնելով փոփոխությունները՝ Գեւորգ Պապոյանը նշեց, որ օրենսդրական նախագիծն ընդունելու արդյունքում էականորեն կնվազեցվի անհատ ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունների չափը:

 

Հարակից զեկուցող Հայկ Կոնջորյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով որոշակիորեն կմեղմվի ցածր եւ միջին աշխատավարձ ստացող քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը:

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առարկություններ չունի: Հանձնաժողովը նախագծին տվեց դրական եզրակացություն: