Ուրբաթ, 21 Մայիսի 2021 19:27

Երևանում բացվել է "Food & Drinks EXPO-2021" 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը  

Երևանում բացվել է "Food & Drinks EXPO-2021" 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը   

Արմինֆո.Երեւանում բացվել է "Food & Drinks EXPO-2021" 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կտևի երեք օր: Ցուցահանդեսը կազմակերպել է LOGOS EXPO Center ընկերությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ:

 

Ինչպես հաղորդում են միջոցառման կազմակերպիչները, ցուցահանդեսի հիմնական նպատակն է աջակցել սննդի ընկերություններին և շուկայի կազմակերպմանը բարձրորակ մթերքներով, որոնք հասանելի են սպառողների լայն շրջանակին: Ցուցահանդեսը նաև ուղղված է սննդի և վերամշակող արդյունաբերության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներկայացմանը, արտադրողների միջև շփումների և փոխշահավետ համագործակցության հաստատմանը:

 

Ցուցահանդեսը մեկ հարկի տակ հավաքել է սննդի արդյունաբերության, բիզնեսի, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, արտադրողների եւ մատակարարների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին: Միջոցառման շրջանակներում Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի ավելի քան 80 ընկերություններ կներկայացնեն սննդի արդյունաբերության ոլորտում տարբեր ապրանքներ և ծառայություններ:

 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 21-րդ դարում կարելի է նորարարություններ կիրառել սննդի արդյունաբերության մեջ, ներդնել նորագույն տեխնոլոգիաներ և թվայնացնել ձեռնարկության աշխատանքը: "Հուսով եմ, որ այս երեք օրերի ընթացքում մենք կտեսնենք նոր տեխնոլոգիապես-թվային լուծումներ, իսկ մասնակիցները առավելագույնս կօգտվեն ընձեռված հնարավորությունից և հիմք կդնեն երկարաժամկետ համագործակցության համար", - ասել է նա: Քերոբյանն ընդգծել է նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում սննդի արդյունաբերությանը և պատրաստ է աջակցել ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք հնարավորինս սեղմ ժամկետում անցում կատարեն ավանդական լուծումներից դեպի նորարարություն: "Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այս ոլորտում աշխատող ձեռնարկություններին գնահատել իրենց արտադրանքի մրցունակությունը, հաստատել նոր գործարար հարաբերություններ եւ ընդլայնել արտահանման հնարավորությունները", - ընդգծել է գերատեսչության ղեկավարը: