Երեքշաբթի, 22 Հունիսի 2021 10:58
Նաիրա Բադալյան

ՊԵԿ. Հայաստանում արձանագրվել են ռեկորդային թվով գրանցված աշխատատեղեր 

ՊԵԿ. Հայաստանում արձանագրվել են ռեկորդային թվով գրանցված աշխատատեղեր 

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշները:

 Մասնավորապես, 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով, 2020 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 37 հազարով, 2019 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 87 հազարով: 

 

Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, միաժամանակ, 2021 թ․ մայիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 134.7 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի մայիս ամսվա նույն ցուցանիշին` 16.2 %-ով, 2019 թվականի մայիս ամսվա ցուցանիշին` 19.8 %-ով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա ցուցանիշին` 39.3 %-ով:

 

2021 թվականի մայիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝  կազմելով շուրջ 212 հազար դրամ: 2020 թվականի մայիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 194 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 176 հազար դրամ:

 

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է նաև այդ ցուցանիշը:

 

Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:

 

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը: