
Արմինֆո.Հայաստանում հիմնական կապիտալի ձևավորման ցուցանիշը վերջին 5-6 տարիների ընթացքում շարունակում է մնալ ցածր մակարդակում։ Այդ մասին հուլիսի 2-ին Հայաստանում տնտեսական իրողությունների շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է "Ամերիա" կառավարչական խորհրդատվական ծառայության տնօրեն, հայտնի տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։
Մասնավորապես, նա հաղորդել է, որ այդ ցուցանիշը ՀՀ ՀՆԱ կառուցվածքում կազմել է ընդամենը 16,6 տոկոս, մինչդեռ, աճի առաջադեմ տեմպեր ունեցող երկրներն այն պահում են առնվազն 30%-ի մակարդակոիւմ, իսկ "ասիական վագրերի" ցուցանիշը գերազանցում է ՀՆԱ-ի 40%-ը: Այդ առումով նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ ցուցանիշով Հայաստանը զիջում է, նույնիսկ, հարևան երկրներին։ "Սա խոսում է այն մասին, որ մենք երկար ժամանակ խնդիրներ ունենք ՀՆԱ-ի ներուժի վերականգնման առնչությամբ։ Եվ սա այն ցուցանիշն է, որը լուրջ ազդեցություն է ունենում երկարաժամկետ հեռանկարում տնտեսության վերականգնման խնդիրների վրա", - հավելել է փորձագետը։