Երեքշաբթի, 6 Հուլիսի 2021 12:53
Մարիաննա Մկրտչյան

Վահան Քերոբյանը եւ Դենիս Մանտուրովը քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները

Վահան Քերոբյանը եւ Դենիս Մանտուրովը քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: Այդ մասին հաղորդել է Վահան Քերոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 

«Հուլիսի 5-ին հանդիպել եմ ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձել ենք 2020թ․-ին Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, քննարկել ենք Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները», - գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ առաջատարի դիրքը պահպանում է Ռուսաստանը ՝ 2021թ.հունվար-ապրիլին 656.9 մլն դոլար ծավալով, տարեկան աճը 2% - ից հասցնելով 2.4% - ի: Ռուսաստանը առաջատար է նաեւ արտահանման եւ ներմուծման գծով, համապատասխանաբար, 220.9 մլն դոլար եւ 436 մլն դոլար, արտահանման տարեկան դինամիկան՝ 11.3% անկումից մինչեւ 20.9% աճ, ներմուծմանը՝ 8.1% աճից  մինչեւ 4.9% անկում։

 

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունում Ռուսաստանի մասնաբաժինը տարեկան կտրվածքով նվազել է 31,7 տոկոսից մինչեւ 30,3 տոկոս: Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն կրճատվել է 22,1 տոկոսով՝ մինչեւ 215,1 մլն դոլար: