Ուրբաթ, 9 Հուլիսի 2021 11:41
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Հունաստանը տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր ուղենիշներ են նախագծում

Հայաստանն ու Հունաստանը տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր ուղենիշներ են նախագծում

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը կարևորել են երկու կողմերի հետաքրքրվածությունն ընդլայնելու համագործակցության շրջանակները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում:

Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Հունաստանի տեխնոլոգիական ընկերությունների համատեղ հարթակներ ստեղծելու, թվայնացման ոլորտում համապատասխան մասնագետների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններն ընդլայնելու և մի շարք այլ հարցեր:  

 

Ինչպես հաղորդում է ԲՏԱՆ մամուլի ծառայությունը,  նախարարի պաշտոնակատարի և ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի վենչուրային ֆոնդի և հունական վենչուրների հետ փոխգործակցությանը, երկու երկրների միջև համալսարանական հարթակներում տեխնոլոգիական կրթության լավագույն փորձի փոխանակման, համատեղ ծրագրեր իրականացնելու և տեխնոլոգիական  պարկերի միջև համագործակցություն հաստատելու հեռանկարներին:

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով՝ Հայկ Չոբանյանը հրավիրել է Էվանգելոս Տուրնակիսին մասնակցելու «Դիջիթեք Էքսպո», «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներին, ինչպես նաև առաջարկել է համատեղ այց իրականացնել «Ինժեներական քաղաք»: 

 

Հանդիպման ներկա է եղել նաև Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ  Գերասիմոս Ավլոնտիսը: